Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Մայր Աթոռի աշխատակցուհիներին Ավետման տոնի առիթով

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Մայր Աթոռի աշխատակցուհիներին Ավետման տոնի առիթով 07.04.2017

Ս. Աստվածածնի Ավետման տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի շենքում հանդիպեց Մայր Աթոռի տարբեր կառույցներում և բաժիններում պաշտոնավարող շուրջ 160 աշխատակցուհիների հետ:

Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ողջույնի խոսքից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Մայր Աթոռի աշխատակցուհիներին` շնորհավորելով Ս. Ավետման տոնի առիթով:

Նորին Սրբությունը բարձր գնահատեց կնոջ կարևոր դերն ու առաքելությունը հայ ժողովրդի կյանքում` անդրադառնալով հայ կնոջ նվիրյալ, քրիստոսասեր ու հայրենասեր ոգուն, պատմության դժվարին ժամանակներում խոնարհությանը և հնազանդությանը զուգընթաց դրսևորած արիությանը և համարձակությանը:

«Մեր մայրերն իրենց հայացքը միշտ ուղղել են դեպի Աստվածամայրը և փորձել են նմանվել Աստվածամոր կերպարին իրենց աստվածսիրությամբ, առ հայրենին և առ ընտանիքն ունեցած սիրո մեջ: Մենք փառք ենք տալիս Աստծուն, որ նման հատկություններով և արժանիքներով, նման ոգով և նկարագրով օժտված հայ տիկնայք ունենք, հայ մայրեր ու քույրեր», - ընդգծեց Հայոց Հայրապետը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև կարևորեց հայ կնոջ դերակատարությունն ընտանիքի ամրապնդման գործում` նշելով, որ կինը կոչված է ամենաբարձր ծառայության` Աստծուց տրված մայրության շնորհի կենսագործմանը: Նորին Սրբությունը հորդորեց մեր ժողովրդին այսօր բաժին ընկած կյանքի դժվարին պայմաններում քաջությամբ և առ Աստված ապավինությամբ հաղթահարել փորձությունները, ոգի դառնալ իրենց ամուսինների և զավակների համար, որպեսզի իրենց հայացքի առջև միշտ ունենան հայրենիքի լուսավոր ապագան:

Խոսելով եկեղեցական կյանքում նրանց բերած օգտաշատ ու նվիրյալ ծառայության մասին` Գարեգին Բ Հայրապետը պատգամեց. «Ձեր հոգում միշտ ամուր պահեք հավատքը. հավատքը հրաշագործող ուժ ու զորություն է, հավատքը երջանկության աղբյուրն է, որ մշտապես պիտի ուղեկցի ձեզ: Այդ հավատքով պիտի նաև զինեք, սնեք ու դաստիարակեք ձեր զավակներին և այդ հավատքով ապրեք ձեր կյանքի յուրաքանչյուր օրն ու վայրկյանը, որպեսզի հավատքով շաղախված լինի մեր կյանքը... »:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի աշխատակցուհիներին մաղթեց Աստծո առատ օրհնություններն ու շնորհները` վերստին շնորհակալություն հայտնելով նրանց ծառայության համար: