Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Արցախի ժողովրդին Հանրապետության օրվա առիթով

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Արցախի ժողովրդին Հանրապետության օրվա առիթով 03.09.2020

Սեպտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ տիար Արայիկ Հարությունյանին և հավատավոր ժողովրդին Հանրապետության օրվա առիթով:

«Արցախի Հանրապետության Անկախության տոնական օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ և Արցախի հերոսական մեր ժողովրդին։

Այս հիշարժան օրը ուրախություն է պարգևում համայն մեր ժողովրդին, որը արցախահայության հետ միավորեց իր ջանքերը հանուն Արցախի ազատ, խաղաղ ու ապահով կյանքի։ Գոհություն ենք մատուցում Բարձրյալին, որ անառիկ են Արցախի սահմանները մեր քաջարի բանակի արթուն հսկողությամբ ու սխրանքներով և օրեցօր շենանում ու առաջընթաց է ապրում Արցախը իր զավակների բարի աշխատանքով, հայրենի պետականությունը ամրապնդելու  լավատեսությամբ ու նոր հույսերով։

Այս տոնական օրը Մեր աղոթքն է, որ Աստված հավատքով ամուր, սիրով միասնական պահպանի Արցախի բարեպաշտ մեր ժողովրդին և արժանացնի մեզ Արցախի հարցի արդար կարգավորման օրհնյալ օրվան», — ասված է Վեհափառ Հայրապետի շնորհավորագրում: