Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Քովենթրի եպիսկոպոս Քրիստոֆերին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Քովենթրի եպիսկոպոս Քրիստոֆերին 15.06.2021

Հունիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Լորդերի պալատի անդամ, Քովենթրի եպիսկոպոս Քրիստոֆերին՝ ուղեկցությամբ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի:
 
Նորին Սրբությունը ողջունեց Քրիստոֆեր եպիսկոպոսի ժամանումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ընդգծելով, որ վերջինս առաջիկա օրերին հնարավորություն կունենա հաղորդ դառնալու հայ ժողովրդի կյանքին ու դիմագրավելիք մարտահրավերներին, պատմությանը և բազմադարյան հոգևոր, մշակութային հարուստ ժառանգությանը:
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի մասնավորի իր գնահատանքը բերեց Քովենթրի առաջնորդին դժվարին այս շրջանում հայ ժողովրդին ցուցաբերած իր զորակցության և հատկապես հայ ռազմագերիների ազատ արձակման և հայոց սրբավայրերի պահպանության ուղղությամբ գործադրած ջանքերի համար։
 
Իր հերթին Քրիստոֆեր եպիսկոպոսն ուրախություն հայտնեց Հայաստան այցելելու հնարավորության համար։
 
Անդրադառնալով պատերազմի պատճառած ծանր կորուստներին՝ վերջինս իր վշտակցությունն ու աջակցությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ապա տեղեկացրեց Քովենթրի մայր տաճարում այդ կապակցությամբ կազմակերպված հատուկ արարողությունների և միջոցառումների մասին։
 
Քովենթրի առաջնորդը նաև գոհունակությամբ փաստեց Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի ու հայ համայնքի հետ ձևավորված սերտ գործակցությունը։
 
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Լորդերի պալատի անդամ, Քովենթրի եպիսկոպոս Քրիստոֆերը հանգամանորեն քննարկեցին հետպատերազմյան իրավիճակին, Արցախի և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի անվտանգությանը և Ադրբեջանում գերության մեջ գտնվողների վերադարձին առնչվող խնդիրները։ Մասնավոր անդրադարձ կատարվեց Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող արցախյան տարածքներում հայկական հոգևոր, մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման հարցերին։
 
Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրեց իր մտահոգությունները։