Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց ՀՀ ԳԱԱ նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց ՀՀ ԳԱԱ  նախագահին 30.08.2022

Օգոստոսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալեց ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանին:

Վեհափառ Հայրապետը և ՀՀ ԳԱԱ նախագահը գոհունակությամբ անդրադարձան Հայ Եկեղեցու և Գիտությունների Ազգային Ակադեմիայի միջև ձևավորված գործակցությանը, ինչպես նաև Ակադեմիայի արձանագրած մեծ դերակատարությանը Հայաստանում հիմնարար գիտությունների տարբեր ճյուղերի զարգացման գործում։

Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ԳԱԱ նախագահին, Ակադեմիայի անդամներին ու գիտության նվիրյալներին, որոնք շարունակում են ազգային գիտական այս հաստատության լավագույն ավանդույթները և իրենց գիտելիքներն ու փորձառությունը ծառայեցնում ի նպաստ հայրենիքի շենացման ու հզորացման։

Զրուցակիցները կարևորեցին առկա մարտահրավերների պայմաններում երիտասարդ սերնդի մեջ ազգային-հոգևոր արժեհամակարգի ամրապնդումը, հայրենիքի հանդեպ պատասխանատվության բարձրացումը, նաև երիտասարդ գիտնականների ներուժի բացահայտումը և գիտական գործունեության խթանումը։