Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ ուխտավորների հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը  հանդիպում ունեցավ ուխտավորների հետ 26.06.2017

ունիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում հանդիպում ունեցավ ԱՄՆ Հայոց Արևմտյան և Արևելյան թեմի ուխտավորների հետ` ուղեկցությամբ խմբերի ղեկավարներ Արժանապատիվ Տ. Տաթև ավագ քահանա Հարությունյանի (Կուպերտինոյի Ս. Անդրեաս եկեղեցի) և Տ. Հակոբ քահանա Գևորգյանի (Ֆիլադելֆիայի Ս. Երրորդություն եկեղեցի): Հանդիպմանը ներկա էին նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Երևանի Ամառային մասնագիտական փորձառության ծրագրի մասնակից 29 երիտասարդներ:

Հանդիպման սկզբում Տաթև և Հակոբ քահանաները Վեհափառ Հայրապետին փոխանցեցին ուխտավոր հայորդիների Հայաստան կատարած ուխտագնացության վառ տպավորությունները: ՀԲԸՄ երիտասարդների պատասխանատուն իր հերթին Նորին Սրբությանը ներկայացրեց իրականացվող ամառային ծրագրի մասնակիցներին և ծրագրի առանձնահատկությունները:
Այնուհետև ներկաներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նորին Սրբությունը բարձր գնահատեց հոգևոր հովիվների ծառայությունը և հայորդիներին Հայրենիք ուխտագնացության առաջնորդելու հանձնառությունը: Վեհափառ Հայրապետը կարևոր և էական նկատեց այսպիսի այցելությունների կազմակերպումը՝ նշելով, որ դրանք հնարավորություն են ընձեռում աշխարհի տարբեր երկրներում հաստատված հայորդիներին անձնապես ճանաչելու Հայրենիքը, ինչպես նաև խանդավառում ու ոգեշնչում են հայրենաբնակ ժողովրդին:

Ողջունելով նաև ՀԲԸՄ Ամառային մասնագիտական փորձառության ծրագրի մասնակիցների այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Հայոց Հովվապետը անդրադարձ կատարեց Հայ Եկեղեցու առաքելությանը ազգային կյանքում, կարևորեց երիտասարդության ամուր կապը Եկեղեցու հետ և, մասնավորապես, ներգրավվածությունը եկեղեցական բազմատեսակ ծրագրերում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը երիտասարդներին տեղեկացրեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից կրթական, սոցիալական և տարբեր այլ ոլորտներում իրականացվող ծառայությունների վերաբերյալ և հրավիրեց մասնագիտական փորձառության ծրագրի համար հաջորդիվ նկատի ունենալ նաև եկեղեցական համապատասխան կառույցները:

Վերջում Վեհափառ Հայրապետն ամենքին մաղթեց հաճելի օրեր անցկացնել Հայրենիքում և զորացած իրենց ինքնությամբ և հայրենասիրության ու ազգասիրության ջերմ զգացումներով վերադառնալ իրենց բնակավայրերը:

Հանդիպումից հետո ուխտավորները Մայր Տաճարում մասնակցեցին Ս. Պատարագին, այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ: