«Կրոնները ազգերի խաղաղ համագոյակցության երաշխիք» խորագրով գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

«Կրոնները ազգերի խաղաղ համագոյակցության երաշխիք» խորագրով գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 22.12.2022

Դեկտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, տեղի ունեցավ «Կրոնները ազգերի խաղաղ համագոյակցության երաշխիք» խորագրով գիտաժողովը՝ կազմակերպված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան կապերի և մշակույթի կազմակերպության հետ համատեղ:

Համաժողովը բացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի ողջույնի խոսքերով:

Նաթան արքեպիսկոպոսն իր ողջույնի խոսքում ներկաներին փոխանցեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գնահատանքն ու բարեմաղթանքները:

Այնուհետև օրվա թեմայի շուրջ բանախոսեցին Երևանի պետական համալսարանի կրոնագիտության ամբիոնի վարիչ, փ․գ․թ․Պարգև Բարսեղյանը («Հայերը Իրանի հասարակական և մշակութային կյանքում (20-21-րդ դարեր)), Իրանի կանանց և ընտանիքի մասին հետազոտությունների կենտրոնի գիտական կազմի և կանանց կրոնագիտական դպրոցի քաղաքական խորհրդի ու կանանց սոցիալ-մշակութային խորհրդի անդամ փ,գ․դ. տիկին Ֆարիբա Ալասվանդը («Կանանց դերը տարբեր կրոնների հետևորդների միջև խաղաղ համակեցության զարգացման գործում»), ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ բ․գ․թ․, դոցենտ Վարդան Ոսկանյանը («Իրանական ծագման քրիստոնեական եզրույթների որոշ նմուշներ հայերենում») և դոկտոր տիկին Էնսիյե Ղանազադեհը («Կրոնների խաղաղ գոյակցություն Իրանում»)։

Գիտաժողովի երկրորդ նիստին զեկույցներով հանդես եկան դոկտոր Սեյյեդ Մոնզեր Հաքիմը («Հավատացյալների սոցիալական պատասխանատվությունն այլ կրոնների հետևորդների նկատմամբ»), ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս Վարուժան Գեղամյանը («Հայ Առաքելական Եկեղեցու դերը մերձավորարևելյան սոցիալ-մշակութային և քաղաքական ժամանակակից համակարգերում»), դոկտոր Ջավադ Ջաֆարին («Կրոնական երկխոսության կարևորությունը տարբեր կրոնների հետևորդների միջև խաղաղ համակեցության ամրապնդման համար») և Գևորգայն հոգևոր ճեմարանի ու Սևանի վազգենյան դպրանոցի տեսուչ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը («Կրոնական երկխոսությունը որպես հակամարտությունների հաղթահարման միջոց»):

Վերջում կատարվեց ներկայացված զեկույցների ընդհանուր ամփոփում և հայտարարության տեքստի ընդունում։