Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Քենթրբերիի արքեպիսկոպոսին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Քենթրբերիի արքեպիսկոպոսին 05.10.2023

Հոկտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Անգլիկան Եկեղեցու առաջնորդ, Քենթրբերիի արքեպիսկոպոս Նորին Սրբազնություն Ջասթին Ուելբիին։

Ողջունելով Քենթրբերիի արքեպիսկոպոսի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Նորին Սրբությունը կարևորեց Անգլիկան Եկեղեցու առաջնորդի ուղևորությունը տարածաշրջան, ինչը հնարավորություն կընձեռնի ամբողջական պատկերացում կազմելու տիրող իրավիճակի վերաբերյալ և իր նպաստը բերելու մեր ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության գործում։

Հանդիպմանը Հայոց Հովվապետն անդրադարձավ Արցախից բռնի տեղահանված հայորդիների առջև ծառացած մարտահրավերներին, գերիների վերադարձման, Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման և Հայաստանի անվտանգային խնդիրներին։ Նորին Սրբությունը մտահոգությամբ ընդգծեց նաև, որ այսօր էլ շարունակվում է ադրբեջանական ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ։

Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրեց, որ երկու Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունները փաստված են պատմական հարուստ վկայություններով՝ հաստատելով նաև, որ Անգլիկան Եկեղեցին դժվարին պահերին եղել է հայ ժողովրդի կողքին։

Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիին, անդրադառնալով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, իր զորակցությունը բերեց Ամենայն Հայոց Հայրապետին և հավաստիացրեց, որ հայ ժողովուրդը միայնակ չէ։ Նորին Սրբազնությունը, վկայակոչելով հայ ժողովրդի հերոսական անցյալը, ընդգծեց, որ Հայ ժողովուրդի զավակներն առ Աստված իրենց հավատարմությամբ կկարողանան հաղթահարել բոլոր դժվարություններն ու փորձությունները։ Քենթրբերիի արքեպիսկոպոսը կարևորեց նաև միասնական ջանքերի ներդրումն ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստման։

Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը առանձնազրույց ունեցավ Քենթրբերիի արքեպիսկոպոս հետ:

Կից նորություններ