Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ վարդապետական թեզի պաշտպանություն և վարդապետական աստիճանի տվչություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ վարդապետական թեզի պաշտպանություն և վարդապետական աստիճանի տվչություն 13.02.2023

Փետրվարի 13-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում, տեղի ունեցավ վարդապետական թեզի բանավոր պաշտպանություն:

Մասնավոր վարդապետական աստիճան ստանալու համար «Վանականների ուխտադրության կարգը Հայոց Եկեղեցում» թեմայով թեզ պաշտպանեց Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը:

Հանձնաժողովը նախագահում էր Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Հանձնաժողովի կազմի մեջ ընդգրկված էին նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ու Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ և ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տ․ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:

Պաշտպանության ընթացքում Հոգեշնորհ Հայր Սուրբը ներկայացրեց իր վարդապետական թեզը և պատասխանեց հանձնաժողովի անդամների հարցերին:
Հավարտ բանավոր պաշտպանության՝ քննիչ հանձնախումբը դրական եզրակացություն տվեց վարդապետական թեզի պաշտպանությանը և արժանի համարեց Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանին ներկայացնելու մասնավոր վարդապետության աստիճանի տվչության։

Նույն օրը, ձևավորված ավանդության համաձայն, Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ձեռամբ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի, մասնավոր վարդապետության աստիճան տրվեց Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանին։

Այնուհետև Հայր Անանիային ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և Գերաշնորհ Տ․ Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի:

Նորին Սրբությունը շնորհավորեց վարդապետական աստիճանի արժանացած Հայր Սուրբին և իր պատգամն ու օրհնությունը բերեց վերջինիս՝ բարձր գնահատելով Հայր Անանիայի երկարամյա նվիրյալ և խոնարհ ծառայությունը Հայ Եկեղեցու անդաստանում։ Վեհափառ Հայրապետը` վստահություն հայտնեց, որ նորընծա վարդապետն առավել պատասխանատվությամբ կշարունակի իր առաքելությունը նաև հավատացյալ հայորդիների հոգևոր կրթության և դաստիարակության գործում։

Վերջում Հայոց Հովվապետը վարդապետական ակնակուռ լանջախաչ շնորհեց Անանիա վարդապետին և ‹‹Պահպանիչ›› աղոթքով օրհնեց նրան: