Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու պատվիրակությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու պատվիրակությանը 29.04.2023

Ապրիլի 29-ինՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆինլանդիայի Միկկելիի թեմի առաջնորդ, Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական Եկեղեցու Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Սեպպո եպիսկոպոս Հեկկինենին և Միկկելիի թեմի դիվանապետ, թեմի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատուՎերապատվելի Տիմո Ռոսքվիստին։
Վեհափառ Հայրապետը, ողջունելով հյուրերի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ընդգծեց, որ նման այցելությունները նոր ուժականություն են հաղորդում երկու Եկեղեցիների ջերմ հարաբերություններին։
Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի ինքնիշխան սահմանների նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին, Արցախի շրջափակմանը և դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին, տակավին գերության մեջ պահվող հայորդիներին, ինչպես նաև արցախյան հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին։
Իր հերթին Լյութերական-Ավետարանական Եկեղեցու եպիսկոպոսը, կարևորելով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը, Նորին Սրբությանը վստահեցրեց, որ Հայաստանի ու Արցախի համար այս դժվարին ժամանկահատվածում աղոթակից և զորակից են հայ ժողովրդին ու Հայ Եկեղեցուն: