Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության նորանշանակ դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության նորանշանակ դեսպանին 14.03.2023

Մարտի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրպապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:

Իր օրհնությունը բերելով նորնշանակ դեսպանին՝ Նորին Սրբությունը մաղթեց վերջինիս արդյունավոր առաքելություն՝ ի նպաստ հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության առավել զորացման։

Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքում նաև քրիստոնեական արժեքներն են, որոնց շնորհիվ հայ և վրաց ժողովուրդները պահպանել են իրենց գոյությունն ու ինքնությունը։ Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ եղբայրական ժողովուրդներն իրենց լավատեսական ոգու և զորեղ հավատքի միջոցով կհաղթահարեն առկա մարտահրավերներն ու փորձությունները։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Վրաստանի հայ համայնքի կարևոր ներդրմանը երկրի առաջընթացին:

Դեսպան Գիորգի Շարվաշիձեն, Նորին Սրբությանը փոխանցելով Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի ողջույնները, հավաստիացրեց, որ ջանքեր կգործադրի հայ-վրացական կապերի առավել զորացման գործում։

Զրույցի ընթացքում դեսպանը կարևորեց նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը: