Կոնդակ Մասսյացոտնի թեմի հիմնադրման առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայրապետական սրբատառ կոնդակով հունվարի 11-ին Հայաստանում՝ Արարատի մարզում, հիմնվեց Մասսյացոտնի թեմը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2021, 11 ՀՈՒՆՎԱՐ

Կոնդակ  Մասսյացոտնի թեմի հիմնադրման առիթով

ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ, ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում Արարատի մարզի հաւատաւոր Մեր սիրելի զաւակներին։

 Գոհութիւն ենք մատուցում Ամենակալն Աստծուն, որ մարզում բարօր ու կազմակերպուած ընթացք ունեն գործող ծուխերը, եկեղեցական հաստատութիւնները, անկախութեան տարիներին կառուցուել են նոր եկեղեցիներ, վերանորոգուել հին աղօթավայրեր՝ ապահովելով հոգեւոր-եկեղեցական կեանքի առաջընթացը։ Մեր գնահատանքն ենք բերում Արարատեան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Նաւասարդ արքեպիսկոպոս Կճոյեանին՝ իր առաջնորդական փոխանորդութեան ընթացքում մարզի հաւատաւոր հայորդիների հոգեւոր խնամքի, եկեղեցականների ծառայութեան արդիւնաւէտ կազմակերպման, այս տարածքում հոգեւոր-եկեղեցական կեանքի բարեզարդման գործում ներդրած ջանքերի համար։

 Հաւատաւոր հայորդիների հոգեւոր կարիքների բաւարարման եւ հոգեւոր-եկեղեցական կեանքի զօրացման համար եկեղեցական մեր անդաստանում միշտ վերակազմակերպուել են թեմերը եւ հիմնադրուել նոր թեմեր։ Այսօր Հայրապետական այսու կոնդակով Արարատեան Հայրապետական թեմից առանձնացնելով Արարատի մարզը եւ մարզի ծուխերը միաւորելով՝ հաստատում ենք Մասսեացոտնի թեմը՝ Արտաշատ առաջնորդանիստ քաղաքով ու կենտրոնով։ Թեմի առաջնորդի պաշտօնում ծառայութեան ենք կոչում Գերաշնորհ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։

 Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում Մասսեացոտն նորաստեղծ թեմի հոգեւոր դասին, եկեղեցական վարչութեանց պատուարժան անդամներին, մաղթում եկեղեցաշէն ու ազգաշահ գործոց ձեռքբերումներ: Վստահ ենք, որ Տիրախնամ թեմի հաւատաւոր Մեր զաւակները նոր քաջալերութեամբ ու կորովով պիտի զօրակից դառնան թեմակալ առաջնորդին, շարունակեն սատար լինել հոգեւորականաց ծառայութեանը՝ ի խնդիր թեմի շինութեան, հոգեւոր-եկեղեցական կեանքի բարեզարդման։

 Աղoթում ենք, որ Բարերարն Աստուած միշտ շէն ու բարգաւաճ պահի Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին իր թեմական կառոյցներով` յարանորոգ յաջողութիւններ շնորհելով մեր ժողովրդի հաւատաւոր զաւակներին։ Թող Տիրոջ ամենախնամ Սուրբ Աջի ներքոյ միշտ պայծառ ու անսասան մնայ Հայաստանեայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին:

 «Շնորհք, ողորմութիւն, խաղաղութիւն յԱստուծոյ ի Հօրէ եւ ի Տեառնէ Յիսուսէ Քրիստոսէ ճշմարտութեամբ եւ սիրով եղիցին ընդ ձեզ» (Բ Յովհ. 3):

 

Օրհնութեամբ`

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

 

Տուաւ Կոնդակս ի 11 Յունուարի

յամի Տեառն 2021 և ի թուին հայոց ՌՆՀ

ի Մայրավանս Սրբոյ Էջմիածնի

ընդ համարաւ 1113»: