Հայրապետական կոնդակով հռչակվեց Արթիկի թեմը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2012, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐ

Կոնդակով  Արթիկի թեմի հռչակման առիթով

ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ
ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ,
ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ,
ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ

 

 Փառք ենք բարձրացնում առ Աստուած եւ մեր Եկեղեցու բարեպաշտ զաւակների հետ կիսում Մեր սրտի անհուն ուրախութիւնը, որ Տէրը պարգեւում է մեզ Իր առատ շնորհները` պայծառացնելով մեր Եկեղեցին, արդիւնաւորելով քարոզութիւնը Իր Սուրբ Աւետարանի, բազմապատկելով թիւը Իր Սուրբ Սեղանի սպասաւորների եւ նորոգուած ու նորակառոյց եկեղեցիների, շէնացնելով նաեւ մեր նուիրական հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որը Իր բիւր օրհնութեամբ միաւորում է ազգս ի սփիւռս աշխարհի ու հաւատքի լոյսը ծագեցնում համայն հայոց վրայ:

 Հոգեւոր-եկեղեցական մեր կեանքի այս բարեյոյս ընթացքները հրամայական են դարձնում նաեւ համայնքների վերակազմակերպումը` ի շահ Մեր զաւակների հոգեւոր խնամքի: Վերջին տարիներին Հայրապետական սրբատառ Կոնդակով Մենք` ընդառաջ անհրաժեշտութիւններին, հռչակեցինք Ֆրանսիայի Հայոց թեմի եւ Հայաստանում Վայոց ձորի ու Տաւուշի թեմերի ստեղծումը: Այսօր Արթիկի տարածաշրջանի եկեղեցական համայնքները եւս անհրաժեշտութիւնն ունեն համախմբուելու որպէս մէկ թեմ, որպէսզի եկեղեցավարչական գործունէութեան առաւել արդիւնաւոր կազմակերպմամբ առաւելագոյնս հոգացուեն հոգեւոր կարիքները Մեր զաւակների եւ մատուցուող մշտական պաշտամունքով, Տիրոջ խօսքի մշտահունչ քարոզութեամբ զօրանայ ու պայծառանայ նրանց հոգեւոր կեանքը, նրանց սրտերում անսասան մնան հաւատարմութիւնն ու նախանձախնդրութիւնը մեր Սուրբ Եկեղեցու եւ նուիրական արժէքների հանդէպ:

 Արդ, Հայրապետական այսու Կոնդակով Արթիկի տարածաշրջանի եկեղեցական համայնքներն առանձնացնում ենք Շիրակի թեմի կազմից եւ հռչակում ենք ստեղծումը Արթիկի թեմի: Նորաստեղծ թեմի Առաջնորդի պաշտօնում ծառայութեան ենք կոչում Գերաշնորհ Տ. Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանին: Թեմի հոգեւոր իրաւասութեան սահմանը հաստատում ենք Արթիկի տարածաշրջանը` Հայրապետական Կոնդակին կից գրութեամբ ներկայացուած համայնքներով: Տիրախնամ թեմի հաւատաւոր Մեր զաւակներին հայրաբար յորդորում ենք, որ ըստ ամենայնի սիրով աջակից լինէն Թեմակալ Առաջնորդին` ի շինութիւն եւ ի զօրութիւն նորաստեղծ թեմի:

 Մենք վստահ ենք, որ Գերաշնորհ Տ. Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանի առաջնորդութեամբ եւ քաջեռանդ գործունէութեամբ պիտի բարգաւաճի Արթիկի թեմը, եւ նոր ձեռքբերումներով պիտի զարդարուի Մեր բարեպաշտ հայորդեաց ազգային եւ հոգեւոր-եկեղեցական կեանքը: Արթիկի թեմի հաստատման այս ուրախ առիթով շնորհաւորում եւ Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում թեմակալ առաջնորդին, թեմի հոգեւոր դասին եւ բարեպաշտ հաւատացեալներին: Մեր գնահատանքն ենք բերում Շիրակի թեմի բարեջան առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայէլ եպիսկոպոս Աջապահեանին, մարզային իշխանութիւններին ներդրած բարի ջանքերի համար` ի խնդիր Արթիկի հաւատաւոր հայորդեաց հոգեւոր-եկեղեցական կեանքի զօրացման եւ տարածաշրջանում մեր Սուրբ Եկեղեցու առաքելութեան արդիւնաւորման:

 Աղoթում ենք առ Բարին Աստուած, որ միշտ ծաղկեալ պահի Արթիկի թեմը` մշտատեւ խաղաղութիւն, բարօրութիւն եւ յաջողութիւններ շնորհելով մեր ժողովրդի հաւատաւոր զաւակներին: Թող Աստուած հանապազ օրհնութեամբ Իր Ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքոյ պահպանի աշխարհասփիւռ մեր ժողովրդին, եւ թող յաւէտ պայծառ ու անսասան լինի Հայաստանեայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին:

 «Հաստատո՛ւն կացէք ի հաւատս, ժրացարո՛ւք, զօրացարո՛ւք: Ամենայն ինչ ձեր սիրո՛վ լիցի» (Ա Կորնթ. 16.13-14):

Օրհնութեամբ`

 

ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Տուաւ Կոնդակս ի 24-ն Հոկտեմբերի
յամի Տեառն 2012 և ի թուին հայոց ՌՆԿԱ
ի Մայրավանս Սրբոյ Էջմիածնի
ընդ համարաւ 692