Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյան

Երուսաղեմի Հայոց պատրիարք

 Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը (ավազանի անունը` Պողոս) ծնվել է 1948 թ. հուլիսի 24-ին, Հալեպում: Նախնական կրթությունը ստացել է Հալեպի Հայկազյան վարժարանում:

1961 թ. ընդունվել է Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի դպրեվանքը:

1966 թ. ընդունվել է Երուսաղեմի Սրբոց Յակոբեանց ժառանգավորաց վարժարանը:

1968 թ. հուլիսի 27-ին ձեռնադրվել է սարկավագ:

1971 թ. հունիսի 15-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ձեռամբ Ամենապատիվ Տ․ Եղիշե պատրիարք Տերտերյանի` վերակոչվելով Նուրհան աբեղա։

1971 - 1972 թթ. ժառանգավորաց վարժարանի փոխտեսուչն էր: 1975 թ. նույն վարժարանի տեսուչն էր:

1972 -1973 թթ. նշանակվել է Շվեյցարիայի (Ժնև) հայոց թեմի հոգևոր հովիվ:

1973 թ․ ստացել է վարդապետական աստիճան:

1974 - 1980 թթ.  եղել է Հայֆա, Յաֆա (Իսրայել) քաղաքների հոգևոր հովիվ:

1980 թ․ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի հրավերով մեկնել է Նյու Յորք, ուսանել եպիսկոպոսական ընդհանուր աստվածաբանական ճեմարանում՝ ավարտելով եռամյա դասընթացը։

1994 թ․եղել է Հյուսթընի (ԱՄՆ, Տեքսաս նահանգ) Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ:

1998թ․ Հայր Նուրհանն ընտրվել է Երուսաղեմի Ս. Աթոռի լուսարարապետ:

1999 թ. դեկտեմբերի 14-ին, ձեռամբ Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի ձեռնադրվել և օծվել է եպիսկոպոս:

2009 թ․ Երուսաղեմի Հայոց պատրիարք ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի կողմից նշանակվել Է պատրիարքական փոխանորդ, պատրիարքարանի գործերի կառավարիչ։ 

2013 թ․ հունվարի 24-ին, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության ընդհանուր ժողովը Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին ընտրեց Երուսաղեմի Հայոց Պատրիարք`փոխարինելով լուսահոգի Պատրիարք Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանին: Հունիսի 4-ին, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքում տեղի  ունեցավ Երուսաղեմի Հայոց Պատիրարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի գահակալության արարողությունը։

2013 թ․ հուլիսի 23-ին,  Իսրայելի Հանրապետությունը  պաշտոնապես ճանաչեց Գերաշնորհ Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին որպես Երուսաղեմի Հայոց պատրիարք:

2014 թ․ փետրվարի 6-ին, Մանհեթանի (Նյու Յորք) ընդհանուր հոգևոր ճեմարանից ստացել է աստվածաբանության պատվավոր դոկտորի կոչում։