Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյան
Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ
Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը (ավազանի անունը՝ Հրաչ) ծնվել է 1966 թ. Իրաքի Մուսուլ քաղաքում:
1972-1979 թթ. սովորել է Բաղդադի միջնակարգ դպրոցում:
1979-1986 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:
1986 թ. փետրվարի 14-ին, Ս. Էջմիածնում ձեռնադրվել է սարկավագ՝ ձեռամբ Գերաշնորհ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի:
1986-1987 թթ. գործուղվել է Իրաքի Հայոց թեմ՝ որպես սարկավագ:
1988 թ. մարտի 10-ին Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում պաշտպանել է ավարտաճառը «Եվսեբիոս Կեսարացին հայ մատենագրության մեջ» թեմայով և արժանացել գերազանց գնահատականի:
1988-1990 թթ. ԵՀԽ հովանավորությամբ սովորել է Ժնևի համալսարանում: Միևնույն ժամանակ ծառայել է Ժնևի Ս. Հակոբ եկեղեցում որպես քարտուղար և սարկավագ, դասավանդել է կիրակնօրյա դպրոցում: Հիմնել է Շվեցարահայ երիտասարդաց միությունը:
1990-1992 թթ. ծառայել է Հոլանդիայի Ս. Հոգի եկեղեցում` խորհրդատու եկեղեցական վարչությունում` որպես քարտուղար - սարկավագ, հիմնել կիրակնօրյա վարժարան:
1993 թ. փետրվարի 18-ին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա Բաղդադի Ս. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում, սպասավորել իբրև հոգևոր հովիվ, դասավանդել քրիստոնեական կրոն Բաղդադի «Սրբոց Թարգմանչաց» Հայ եկեղեցասիրաց կազմակերպությունում և կիրակնօրյա վարժարաններում:
1993-1996 թթ. հոդվածներով հանդես է եկել «Լրաբեր» և «Ձայն» իրաքահայ ամսագրերում:
1996 թ. հունիս - հոկտեմբեր ամիսներին նշանակվել է Պոլսի Հայոց պատրիարքարանի «Լրաբեր» շաբաթաթերթի խմբագրության անդամ և հանդես է եկել մի շարք հոդվածներով:
1996-1997 թթ. -ի հրավիրվել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, ծառայել է Հայ Եկեղեցու ՔԴԿ-ում, դասախոսել Էջմիածնի կիրակնօրյա վարժարաններում, կրոնի ուսուցիչների վերապատրաստման լսարաններում, քարոզներով հանդես է եկել Հայաստանի պետական հեռուստատեսութեամբ «Սիրեցէք զմիմեանս» և «Խորան Լուսոյ» հաղորդաշարերով, ինչպես նաև ձայնասփյուռով:
1997 թ. սեպտեմբերին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Հայրապետի հովանավորությամբ նշանակվել է Լուար նահանգի Սենթ - Էթիենի ու շրջանի հայոց հոգևոր հովիվ:
1997-1998 թթ. ուսանել է ֆրանսերեն լեզու և գրականություն Սենթ-Էթիենի Ժան Մոնե համալսարանում:
1997-2004 թթ. Սենթ - Էթիենի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հիմնել է «Թարգմանչաց» երգչախումբ,
Կիրակնօրյա վարժարան, Տիկնանց եկեղեցասեր հանձնախումբ, Հայոց լեզվի դասարաններ` երիտասարդության համար և «Հայ Լուար մաքազին» եռամսյա թերթը:
2000-2004 թթ. հանդես է եկել Սենթ-Էթիենի Կաթոլիկ Եկեղեցու RCF ռադիոկայանի Հայ Եկեղեցու մասին հաղորդաշարերով:
1999 թ. պաշտպանել է իր վարդապետական թեզը «Մատաղը հայ աստվածաբանության մեջ» թեմայով Լիոնի համալսարանի հայագիտական բաժնում և սեպտեմբերի 12-ին Լիոնի Ս. Հակոբ եկեղեցում ստացել է վարդապետական աստիճան` ձեռամբ Գերաշնորհ Տ. Նորվան եպիսկոպոս Զաքարյանի:
2004 թ. ապրիլին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է Հոլանդիայի Հայոց թեմի հոգեւոր հովիվ:
2004-2010 թթ. հիմնել է Հոլանդիայում հինգ եկեղեցական ծխեր՝ Արնհեմ, Տոտրեխդ, Ասսըն, Այնթհովեն եւ Մաստրիխդ քաղաքներում, ինչպես նաև Ալմելոյի «Գեղարդ» երգչախումբը, կիրակնօրյա վարժարանը, Սուրբ Գրոց լսարանը և Հայ եկեղեցասիրաց կազմակերպությունը ( VAJA ):
2007 թ. հոկտեմբեր 14-ին կատարել է Ամստերդամի Հայ եկեղեցասիրաց կազմակերպության (AYO) բացումը:
2008 թ. Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ վերանորոգել է հայոց հինավուրց Սուրբ Հոգի եկեղեցին:
2010 թ. Ամստերդամի վարչության նախաձեռնությամբ կանգնեցրել է Ամստերդամի Տիմըն գերեզմանոցում խաչքար - հուշարձան` նվիրված Հայոց Նահատակների հիշատակին: Հրատարակել է Հոլանդիայի Հայոց հոգեւոր հովվության պատկերազարդ եկեղեցական օրացույցը և կազմակերպել է սուրբ Պատարագի թարգմանությունը հոլանդերենի:
2010 թ. սեպտեմբեր 21-ին միաձայն ընտրվել է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ:
2011 թ. նոյեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ ստացել է եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում:
2019 թ. հունիսի 21-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել է Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական տեղապահ:
Հրատարակել է բազմաթիվ գիտական հոդվածներ, սփյուրքահայ մամուլում մի շարք հրապարակումների հեղինակ է:
