Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյան
Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ
Գերաշնորհ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը (ավազանի անունը՝ Գարուն) ծնվել է 1972 թ. նոյեմբերի 4-ին, Սյունիքի մարզի Գորիսի շրջանի Տաթև գյուղում:
1979-1989 թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում:
1989-1995 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում` պաշտպանելով ավարտաճառ «Հովհան Որոտնեցու կյանքն ու դավանաբանական հայացքները» թեմայով:
1995 թ. հոկտեմբերի 22-ին ձեռնադրվել է սարկավագ` ձեռամբ Գերաշնորհ Տ. Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի:
1995-1996 թթ. եղել է Մայր Աթոռի ձեռագրատան պատասխանատուն:
1996 թ. հունիսի 2-ին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա:
1996-2001 թթ. եղել է Հայաստանում Քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի եկեղեցական հանձնաժողովի` Մայր Աթոռի գրասենյակի պատասխանատուն:
2002 թ. պաշտպանել է վարդապետական թեզ` «Անառակ որդու առակը հայ մեկնողական գրականության մեջ» թեմայով, և ստացել վարդապետական 4 մասնավոր աստիճանները:
2002 թ. հոկտեմբերին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ:
2004 թ. փետրվարի 21-ին ընտրվել է Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդական տեղապահ:
2005 թ. ընտրվել է Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ:
2006 թ. հունվարի 15-ին, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ստացել է եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում:
