«Ս. Գրիգոր Լուսավորիչ» անունը կրող առաջին տպարանը կառուցվել է Ս. Էջմիածնում՝ 1771 թ.՝ Սիմեոն Երևանցի Կաթողիկոսի նախաձեռնությամբ և հնդկահայ վաճառական Գրիգոր Խոջաջանյանի միջոցներով: Սակայն 19-րդ դարի վերջերին՝ Մակար Ա Թեղուտցի Կաթողիկոսի օրոք, կարիք է զգացվել կառուցել տպարանի նոր շենք:
Ներկա տպարանի շենքի հիմնարկեքը կատարվել է 1888 թ. ապրիլի 6-ին, իսկ կառույցն ավարտուն տեսք է ստացել մեկ տարի անց՝ 1889 թ.:
Շենքը տեղակայված է Մայր Տաճարի պարտեզի արևելյան կողմում Կառուցվել է Միքայել Սալաբեկյանցի նախագծով: 1901 թ. Սուքիաս արք. Պարզյանցն իր միջոցներով տպարանի շինությանը կից՝ հարավային կողմում պատվիրել է կառուցել երկու ընդարձակ կամարակապ դահլիճ և միջանցք, որի տակ կառուցվում է չոր և ցեմենտածածկ ներքնատուն:
1933-1934 թթ. շենքը տրվել է մեքենատրակտորային կայանին: Կառույցը սկզբում եղել է միահարկ: Երկրորդ հարկը կառուցվել է ավելի ուշ և ծառայել որպես կացարան:
1957 թ. շենքը վերադարձվել է Մայր Աթոռին:
1959-1962 թթ. երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի օրոք շենքը ամբողջովին վերանորոգվել է ճարտարապետ Ա. Գուլիկյանի և ինժեներ Ա. Մատինյանի նախագծով՝ ամերիկահայ համայնքի նվիրատվությամբ:
1962 թ․ նոյեմբերին տպարանը հանձնվել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիային:
1991 թ. հունիսին տպարանը վերջնականապես հանձնվել է Մայր Աթոռին և հիմնովին վերանորոգվել: Նույն ժամանակահատվածում տպարանը համալրվել է ժամանակակից նոր տպագրական սարքերով:
2015 թ. տիար Վաչե Մանուկայնի բարերարությամբ կատարվել են տպարանի տանիքի նորոգման և օդափոխության համակարգի տեղադրման աշխատանքներ:
Տպարանի շենքի երկրոդ հարկում է գտնվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը: Ամեն տարի այս բաժինը հրատարակում է բազմաթիվ գրքեր, գրքույկներ, որոնք նախատեսված են Կիրակնօրյա դպրոցների, Հայորդյաց տների, Բանտային և Բանակային ծրագրերի և թեմերի համար: Այստեղ են տպագրվում Մայր Աթոռի պաշտոնական շաբաթաթերթը, ամսագիրը և այլ պարբերականներ:
