Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Քարտեզ
  • Երեմյան խցեր

Երեմյան խցեր

Երեմյան խցեր

 Մայր Աթոռի միաբանական շենքը («Երեմյան խցեր») կառուցվել է 1892-1893 թթ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսական տեղապահ Տ. Երեմիա եպիսկոպոս Գալուստյանի ջանքերով: Կառույցը մինչև 1920-ական թվականները ծառայել է որպես միաբանական շենք և կոչվել «Երեմյան խցեր»:

 1920 թ. Մայր Աթոռի ունեցվածքն ազգայնացվում է, և «Երեմյան խցեր»-ն անցնում են պետության հովանու ներքո: Այս ընթացքում այն ծառայում է որպես քաղաքացիական հանրակացարան: Երեմյան խցերը 1950-ական թվականներին Վազգեն Ա կաթողիկոսի ջանքերով վերադարձվում է Մայր Աթոռին և կրկին ծառայում որպես միաբանական շենք, մինչև Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից միաբանների համար նախատեսված նոր շինության կառուցումը:

 Շենքը կառուցված է տեղական տուֆով և առանձնանում է տուֆակերտ հիանալի զարդաքանդակներով` միանգամայն համահունչ լինելով Մայր Աթոռի ընդհանուր պատկերին: Կառուցված լինելով գրունտային ջրերի հոսքի վրա` տարիների ընթացքում շենքի հիմքերը խոնավությունից լիովին խարխլվել էին և վերանորոգման անհրաժեշտություն էր առաջացել:

 2013-2015 թթ. շենքը ենթարկվել է ամբողջական վերակառուցման և վերականգնման՝ ճարտարապետ Աշոտ Մանասյանի նախագծով և ամերիկահայ Մարտիկյան ընտանիքի բարերարությամբ: Նրանք են առաջինը կիսել Վեհափառ Հայրապետի մտահոգությունը պատմամշակութային արժեք համարվող այս հիասքանչ շենքը պահպանելու հարցում: Շենքի վերականգնման գործընթացն ավարտվել է 2015 թ.:

 Երկհարկանի շենքն ունի երկու մուտք` յուրաքանչյուրը երկու կացարանով: Արևելյան կողմը գործում է որպես ժամանակավոր բնակավայր այցելուների և հյուրերի համար: Իսկ արևմտյան կողմում գործում են Մայր Աթոռի մի շարք բաժիններ՝ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, Լուսարարապետությունը, Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժինը, Կալվածոց տեսչությունը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակը։

 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]