Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Քարտեզ
  • Հայոց Վեհարան

Հայոց Վեհարան

Հայոց Վեհարան

20-րդ դարասկզբին անվանի հայ գրող Ալեքսանդր Շիրվանզադեն իր մի գրությամբ հայտնում է Մատթեոս Բ Իզմիրլյան Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ ազգային մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանը փափագում է «Վեհափառ Հայրապետի համար կառուցանել իր ծախքով մի վայելուչ կացարան»:

Վեհարանի շենքը կառուցվել է 1910 թ. (հիմնարկեքը կատարվել է նույն թվականի հունիսի 6-ին) ճարտարապետ Պողոս Զոհրաբյանի նախագծով և անվանի բարերար Ալեքսանդր Մանթաշյանի նվիրատվությամբ: 1910 թ. հունիսի 6-ին, ձեռամբ Մատթեոս Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվում է Վեհարանի հիմնարկեքը: Ճարտարապետ Պողոս Զոհրաբյանը գծում է երկհարկանի, մեծ ու լուսավոր շենք: Ցավոք, ո՛չ Մատթեոս Բ Կաթողիկոսին, ոչ էլ Ալեքսանդր Մանթաշյանին բախտ չի վիճակվում մուտք գործել նորակառույց վեհարան։

Հիմնական շինարարական աշխատանքներն ավարտվում են 1914 թ.՝ Գևորգ Ե Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության ժամանակ:

Դժբախտաբար, Գևորգ Ե Հայրապետը նույնպես հնարավորություն չի ունենում ամբողջապես ավարտելու վեհարանի շինությունը և այնտեղ հաստատվելու, քանի որ սկսվում է Առաջին աշխարհամարտը, ամիսներ անց` Հայոց Ցեղասպանությունը,ավելի ուշ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը։

Նորակառույց Վեհարանը  այդ շրջանում ծառայում է որպես զինվորական հիվանդանոց, գաղթականների ու որբերի ապաստարան: Առաջին Հանրապետության տարիներին այն վերածվում է զորանոցի, որտեղ տեղակայվում է զինվորական հրամանատարությունը: Իսկ 1920 թ., երբ Հայաստանում հաստատվում են խորհրդային կարգերը՝ բռնագրավվում է նաև Վեհարանը:

1957 թ., ընդառաջ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիմումին, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Ն. Ա. Բուլգանինի կարգադրությամբ վեհարանը վերադարձվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

1958-1962 թթ., աջակցությամբ Մայր Աթոռի բարերարների՝ վեհարանը  արմատապես վերակառուցվում և նորոգվում է, սրահներն ու սենյակները կահավորվում են, զարդարվում գեղարվեստական ստեղծագործություններով: Պարսպապատվում ու բարեկարգվում է վեհարանի շրջակա տարածքը: 

1962 թ. սեպտեմբերի 30-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապես մուտք է գործում վեհարան և այն դառնում է Հայրապետանիստ:

Շենքի բացման առիթով Վազգեն Ա Հայրապետը երկրորդ հարկում հիմնում է փոքրիկ պատկերասրահ, ուր ներկայացվում էին հռչակավոր հայ նկարիչների` Հովհաննես Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Գառզուի, Էդգար Շահինի, Զ. Մութաֆյանի, Ժանսեմի և այլոց կտավները, որոնք ժամանակին նվիրվել էին Հայ Եկեղեցուն:

Ամենից ուշագրավ ու հետաքրքիր գեղարվեստական գործերն են ոսկեկուռ մեծ խաչը, հայկական ոսկետառ ու ադամանդազարդ այբուբենը, որը զարդարում է օնիքսյա տախտակի հղկված հարթությունը: Խաչն ու այբուբենը պատրաստվել են Վազգեն Ա Հայրապետի պատվերով՝ ոսկերիչ Ժիրայր Չուլոյանի ձեռքով և ճարտարապետ Բ. Արզումանյանի նախագծով:

1996 թ. Գարեգին Ա Կաթողիկոսի նախաձեռնությամբ շենքի ճակատային մասը զարդարվել է կաթողիկոսական խորհրդանշանի խորաքանդակով և խորաքանդակային խաչերով։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության հենց սկզբից ջանքեր են ներդրվում ձեռնամուխ լինելու հայոց վեհարանի հիմնանորոգության և բարեկարգման աշխատանքների կատարմանը։ 2010-2019 թթ. տեր և տիկին Սամվել և Էթերի Կարապետյանների՝ հայրենիքում կատարած բարեգործական ներդրումներից մեկն էլ լինում է  հայոց վեհարանի հիմնանորոգման և բարեզարդման մեծածավալ աշխատանքները, որի արդյունքում 2019 թ. սեպտեմբերի 18-ին, վերաբացվում է Վեհարանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրը։

Վեհարանի առաջին հարկում` ձախ ուղղությամբ, տեղակայված է Հայոց Հայրապետի ընդունարանը, աշխատասենյակն ու առանձնասենյակը, ճաշասրահը, ինչպես նաև թանգարանը, որտեղ պարփակված են հայ ոսկերչության և արծաթագործության բարձրարվեստ ստեղծագործությունները: Նույն հարկի աջ ուղղությամբ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովատեղին է, Վեհարանի աշխատակազմի գրասենյակները։

Կենտրոնական շքեղ ու լուսաճառագ սանդուղքը բարձրացնում է երկրորդ հարկ: Հենց կենտրոնական միջանցքում` երկու մուտքով բացվում է մեծ գահասրահը։ Աջ կողմում Մայր Աթոռի ձեռագրատունն է: Այստեղ են նաև կաթողիկոսական գրադարանը, գողտրիկ գահասրահը, որտեղ Նորին Սրբության կարգադրությամբ զետեղվել է Վազգեն Ա Հայրապետի օրոք պատրաստված օնիքսե հայրապետական գահը` իր նշանակներով։

Վեհարանի վերին հարկաբաժնում փառահեղորեն կանգնեցվել է  պատմական երկու բարձրարվեստ խաչքար (Նորավանք, 1308 թ.՝ գործ Մոմիկ վարդպետի, Արցախ, 1640 թ.):

Վեհարանին զուգահեռ` արևմտյան կողմում, Կարապետյանների ընտանիքի բարերարությամբ, կառուցվել է Հանդիսությունների սրահ, որը վերերկրյա զույգ անցումով կամրջվում է Վեհարանին: Լուսավետ դահլիճի լայնարձակ բեմահարթակի աջ և ձախ կողմերում փորագրված են  ազգային-եկեղեցական պատմության առանցքային զույգ իրադարձության խորհրդապատկերները`Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Սուրբ Էջմիածնի կառուցումը և 1441 թ. Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռի Սուրբ Էջմիածնում վերահաստատումը։

Սրահի կամարակապ շրջափակում Կարապետյանների ազնիվ նվիրատվությամբ կերտվել է Սրբոց Հայրապետաց մատուռը, որը ծաղկվել է հայ արվեստին հարազատ գեղեցիկ զարդապատկերներով, ավետարանիչների  խորհրդանշաններով, իսկ թմբուկի սյունաշարը ներկայացված է տասներկու առաքյալների` հասակով մեկ փորագրված հարթաքանդակներով: 

Վեհարանի վերանորոգության ու ընդլայնման աշխատանքներն ամբողջանում են պարտեզի և շրջակայքի ներդաշնակ բարեզարդմամբ:

Այսօր վեհարանը ներկայանում է Ամենայն Հայոց Կաթողիկոսներին հարիր վսեմությամբ։

 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]