Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Քարտեզ
  • Ս.Էջմիածնի Մայր Տաճար

Ս.Էջմիածնի Մայր Տաճար

Ս.Էջմիածնի Մայր Տաճար

 Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը կոչվել է  Վաղարշապատի Ս. Կաթողիկե, իսկ ավագ խորանը՝ Շողակաթ Ս. Աստվածածին:

 Ագաթանգեղոսի վկայու­թյամբ՝ կառուցվել է Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի հիմամբ, արքունի ապարանքի մոտ: Համաձայն տեսիլքի՝ Մայր Տաճարի ներսում՝ գմբեթի տակ, հիմնադրվել է Իջման Ս. Սեղանը (վերակառուցվել է 1961 թ.՝ ճարտարապետներ Ա. Գալիկյանի նախագծի ու Ռ. Իսրայելյանի քանդակազարդման էսքիզների հիմամբ): Ըստ ազգային ավանդության՝ համաշխարհային ջրհեղեղից հետո Նոյ նահապետն այդտեղ է սեղան կանգնեցրել և գոհունակության պատարագ մատուցել:

 Տարբեր տեսակետների համաձայն՝ Մայր Տաճարի ճարտարապետական հորինվածքը եղել է եռանավ բազիլիկ, ուղղանկյուն, քառամույթ գմբեթավոր, Ս. Խաչի վրա կանգնած քառասյուն ամպհովանու տեսքով, թաղածածկ դահլիճ. ի սկզբանե կառուցվել է ներկայիս հորինվածքով:

 Ըստ Ղազար Փարպեցու՝ Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսի օրոք, Վահան Մամիկոնյանի մեկենասությամբ 483–484 թթ. հիմնովին վերակառուցել է Մայր Տաճարը, որից հետո այն ստացել է հատակագծային ու ծավալատարածական իր այժմյան հիմնական տեսքը:

 Մայր Տաճարի՝ խաչաձև-կենտրոնագմբեթ, քառամույթ, քառախորան հայկական եկեղեցական այս հորինվածքը   մեծ ավանդն է համաշխարհային քրիստոնեական ճարտարապետությանը: Ճարտարապետական այս հորինվածքը 9-11-րդ դդ. տարածվել է նաև Եվրոպայում:

 Մայր Տաճարը զգալի վնասվել է արաբների, սելջուկ-թուրքերի և մոնղոլ-թաթարների արշավանքներից: Տաճարի համար «Էջմիածին» (իջավ Միածինը) անունն առաջին անգամ օգտագործել է 13-րդ դարի պատմիչ, Սյունյաց մետրոպոլիտ Ստեփանոս արք. Օրբելյանը:

 17-րդ դարասկզբին Պարսից շահ Աբաս Ա-ն սկզբնապես որոշել է քանդել Մայր Տաճարը: Բարեբախտաբար այս չարամիտ նպատակը խոջա Նազարի ջանքերով կանխվել է, սակայն հետագայում՝ 1614 թ., Մայր Տաճարից հանգու­ցային տեղերից հանվեցին 15 քարեր, որոնք  տեղափոխվեցին Պարսկաստան, որպեսզի Սպահանի մոտ Մայր Տաճարի նմանողությամբ նոր տաճար կառուցվի, որպեսզի հայրենիքից տեղահանված հազա­րավոր հայերի «սրտերը կարոտ քաշելով չճմլվեն»: Հիշյալ ժամանակաշրջանում Մայր Տաճարի ծածկը և գմբեթը քանդված են եղել, պատերի բազմաթիվ քարեր՝ թափված, հիմքերը՝ վնասված, Տաճարը՝ կողոպտված:

 Կառույցի ներկայիս գմբեթը թվագրվում է 17-րդ դարով, որի թմբուկի 12 նիստերին մեդալիոնների ձևով քանդակված են առաքյալների դիմապատկերները (ճարտարապետության դոկտոր Ա. Ղազարյանի համոզմամբ՝ նշված քանդակները  թվագրվում են ավելի վաղ), որոնց հարևանությամբ նաև համառոտ հիշատակագրություններ են պահպանվել: Ըստ ամենայնի՝ հիշատակված են վարպետների և մեկենասների անունները:

 1950-ականների պեղումների ընթացքում բացվել են 4-րդ դարի գմբեթակիր մույթերի խաչաձև խարիսխները, Ավագ խորանի տակ՝ Վանի թագավորության ժամանակաշրջանի կոթող (ներկայումս կանգնեցված է բակում՝ զանգակատան դիմաց) և նախնական խորանը՝ կենտրոնում թոնրաձև կրակարանով:

 Մինչ օրս կատարված բարենորոգչական աշխատանքներից առանձնացնենք հետևյալները. 

 4-րդ դարի երկրորդ կեսին պարսից Շապուհ Բ-ի արշավանքներից մեծապես վնասված Մայր Տաճարը վերակառուցվել է Ս. Ներսես Ա Մեծ Կաթողիկոսի օրոք՝ 353-373 թթ.: Աշխատանքներ են իրականացվել նաև Ս. Սահակ Ա Պարթևի օրոք՝ 387-428 թթ., իսկ 483-484 թթ. վերակառուցել է մարզպան Վահան Մամիկոնյանը՝ ճարտարապետական նոր լուծումներով և նման այսօրվա կառույցին: 615-628 թթ. Կոմիտաս Ա Աղձեցու օրոք տաճարի փայտածածկը փոխարինվել է քարով, ապա նորոգվել Ներսես Գ Տայեցի Կաթողիկոսի օրոք՝ 641-661 թթ.: Տևական դադարից հետո 1441-1465 թթ. նորոգչական աշխատանքներ են տարվել Կիրակոս Ա Վիրապեցի և Գրիգոր Ժ Ջալալբեկյանց կաթողիկոսների օրոք: 1629-1632 թթ. «ի հիմանց» նորոգվել և նոր շինություններ է համալրվել Մովսես Գ Տաթևացի Կաթողիկոսի օրոք: 1632-1655 թթ. Փիլիպպոս Ա Աղբակեցի Կաթողիկոսի օրոք վերակառուցվել է Տաճարի քարե տանիքը. սկսվել են եռահարկ զանգակատան կառուցման աշխատանքները: 1657-1658 թթ. Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի օրոք ավարտվել է զանգակատան կառուցումը: 1681-1691 թթ. Եղիազար Ա Այնթապեցի կաթողիկոսը երեք խորանների վրա կառուցել է զանգակատուն-գմբեթներ և մարմարապատել Տաճարի հատակը: 1720 թ., Աստվածատուր Ա Համադանցի (1715-1725 թթ.) Կաթողիկոսի կար­գա­դրությամբ, Նաղաշ Հովնաթանը սկսել է Տաճարի նկարա­զարդումը: 1726-1729 թթ. Կարապետ Բ Ուլնեցի Կաթողիկոսի օրոք իրականացվել է բեմառէջքի 15 սրբապատկերների շարքը: 1770 թ. Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը վերակառուցվել է Տաճարի քարե տանիքը, իսկ Ղուկաս Ա Կարնեցի Կաթողիկոսը 1789 թ. ամրացրել է Տաճարի հիմքը: 1804-1813 թթ. ռուս-պարսկական պատերազմի տարիներին Եկեղեցին գտնվել է անտեսված և ավերված վիճակում: 1837 թ. Հովհաննես Ը Կարբեցի (1831-1842 թթ.) կաթողիկոսի օրոք, Ռուսաստանի Նիկոլայ Ա թա­գա­վորի այցի կապակցությամբ փոքրածավալ նորոգչական աշխատանքներ են կատարվել: 1888 թ. Մակար Ա Թեղուտցի (1885-1891 թթ.) կաթողիկոսի օրոք նորացվել է Տաճարի ներսույթը: 1914 թ. Գևորգ Ե Սուրենյանց (1911-1930 թթ.) կաթողիկոսի օրոք կրկին վերանորոգվել են Տաճարի ներսը, զանգակատունն ու հարավային խորանը: 1945-1954 թթ., Գևորգ Զ Չորեքչյան կաթողիկոսի օրոք, Տաճարը վերանորոգվել և թարմացվել է: 1955-1959 թթ., Վազգեն Ա Պալճյան Կաթողիկոսի (1955-1994 թթ.) օրոք, կատարվել են վերականգնման աշխատանքներ, հնագիտական պեղումներ Ավագ Խորանի տակ, 1981-1982 թթ. նորոգվել-վերականգնվել են որմնանկարները և նորովի հարդարվել թանգարանային հատվածը: 2001-2008 թթ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրոք՝ ամերիկահայ հայտնի բարերարներ Ռիչարդ և Լուիզ Մանուկյանների բարերարությամբ իրականացվել են տանիքածածկերի, ներքնամասի որմնանկարների ամբողջական թարմացում, աղոթասրահի հատակի, որմնախարիսխների, թանգարանային հատվածի, Իջման Ս. Սեղանի և կաթողիկոսների շիրմաքարերի ստորին քայքայված հատվածների վերանորոգում: 2012 թվականից մինչ օրս իրականացվում են նախադեպը չունեցող համալիր և հիմնարար նորոգչական աշխատանքներ, որոնք նախատեսվում են ավարտին հասցնել 2022 թվականին։ Հաշվի առնելով իրականացվող աշխատանքների մեծածավալ ընդգրկվածությունը՝ կարող ենք արձանագրել, որ Մայր Տաճարին տրվում է երկրորդ կյանք:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]