20-րդ դարի երկրորդ կեսերին Մայրավանքում իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում, Ղազարապատի հարավային կողմից ուղղահայաց երկու շենքերը վերակառուցվեցին և վերածվեցին ատաղձագործական-մետաղագործական արհեստանոցի և կաթսայատան: Երկու կառույցներն էլ, ըստ կառուցման ծավալատարածական լուծումների և ճարտարապետական էլեմենտների, պատկանում են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին:
Մատենագրական հստակ տվյալների և վիմագրական արձանագրությունների բացակայության պատճառով դժվար է կողմնորոշվել, թե ինչ նպատակով են կառուցվել: Հայտնի է միայն, որ այդ տարածքում կառուցված են եղել ամբարներ, սեղանատներ, հյուրանոցներ ևախոռներ:
Կառույցների քիվերն ունեն զարդաքանդակ շթաքարային մոտիվ. դրանք նման են այս շինություններից դեպի արևելք կառուցված նախկին գրատան ընթերցասրահի (որն այսօր հայտնի է իբրև լվացքատուն) շթաքարային զարդաքանդակներին:
Քանի որ վերջինս կառուցվել է Գևորգ Դ Կաթողիկոսի օրոք, ուստի ճարտարապետական լուծումների միակերպությունը մեզ հանգեցնում այն կարծիքին, որ այս շենքերը ևս կառուցվել կամ վերանորգվել են այս Հայրապետի օրոք՝ 1866-1882 թթ.: Այսօր, Մայրավանքի նոր կաթսայատան կառուցումից և արհեստանոցի տեղափոխումից հետո, շենքերը ստացել են պահեստային կառույցների գործառույթ: Հնարավոր է, որ կառույցները ապագայում վերածվեն գորգերի թանգարանի: