«Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը պաշտոնապես բացվել է 2012թ. հոկտեմբերի 18-ին: Վաչե և Թամար Մանուկյանների առատաձեռնությամբ շինարարությունը տևել է մի քանի տարի: Մատենադարանը ծառայում է որպես գրադարան, ձեռագրերի պահոց, հետազոտությունների և համաժողովների անցկացման վայր: Ճեմարանականներից և Մայր Աթոռի միաբաններից բացի, գրադարանից օգտվում են հետազոտողներ և գիտնականներ ամբողջ աշխարհից:
Շենքի ճարտարապետն է Արտակ Ղուլյանը, ով համակցել է ժամանակակից և հայկական ավանդական ճարտարապետական ոճերը: Շենքը լուսավորվում է Սուրբ Գայանե եկեղեցուն ու Մասիս սարին նայող բարձր պատուհաններով: Գրադարանն ունի ժամանակակից պայմաններ` մշտական հոսանք ապահովող գեներատորներ և հրդեհի ժամանակ գրքերի անվտանգությունն ապահովող հատուկ համակարգեր: Գրադարանն ունի երկու ընդարձակ դահլիճ, որոնք նախատեսված են միջազգային գիտաժողովներ անցկացնելու համար:
Այս պահին գրադարանն ունի շուրջ 80.000 կտոր գիրք: Տասը տարի առաջ դրանց թիվը մոտավորապես 5.000 էր: Մատենադարանի ֆոնդը հարուստ է նաև հայ գրականության երախտավորներ Հակոբ Անասյանի, Արշակ Տեր-Միքելյանի` Մայր Աթոռին նվիրած անձնական հավաքածուներով: Սա Հայաստանի լավագույն գրադարանն է, ուր հավաքված են Աստվածաշնչի բոլոր հնարավոր հրատարակությունները շուրջ 100 լեզվով: Գրադարանը հարուստ է նաև մերձավոր արևելքի հին ու միջին դարերի գրականությամբ:
«Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանն ունի մոտավորապես 400 կտոր հնատիպ գիրք: Դրանց թվում է նաև հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը` տպագրված 1666թ. Ամստերդամում: Գրադարանն ունի նաև հատուկ ցուցասրահ, որտեղ կցուցադրվեն պատմական և գեղագիտական արժեք ունեցող գրքերը: Մատենադարանի աշխատակիցներն ունեն հնատիպ գրքերը պահպանելու հմտություն: Այս գրքերը պահվում են շենքի ներքնահարկում` ապահով և հարմար ջերմաստիճանային պայմաններում: Հետազոտողները ֆոնդից կարող են օգտվել նախնական թույլտվությունից հետո:
Վաչե ու Թամար Մանուկյան մատենադարանից կարող է օգտվել յուրաքանչյուր ոք` անձնագրով գրանցվելուց հետո: Մատենադարանը բաց է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9.00ից-17.30-ը: Այցելուներին տրվում է անլար ինտերնետից օգտվելու և անվճար լուսապատճե անելու հնարավորություն: Աշխատակիցները պատրաստ են սպասարկելու օտարախոս այցելուներին` ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, վրացերեն և այլ լեզուներով: