Ս. Ստեփանոս Նախավկան հանուն Քրիստոսի իր արյունը գիտակցաբար հեղած առաջին նահատակն է։ Երբ Երուսաղեմում բազմանում են Քրիստոսի հետևորդները, որոշ դժվարություններ են առաջանում հասարակաց սեղանների սպասավորության ժամանակ։ Ուստի 12 առաքյալները, իրենց մոտ կանչելով բոլոր աշակերտներին, ընտրում են 7 հոգու, որոնցից առաջինն ու ավագագույնը «հավատով ու Ս. Հոգով լցված» Ստեփանոսն էր, ով ոչ միայն սպասավորում էր հասարակաց սեղաններին, այլև խիզախորեն քարոզում էր Աստծու Խոսքը և «ժողովրդի մեջ զարմանալի ու մեծամեծ նշաններ» գործում։ Սակայն հոգեպես կուրացած հրեաները «չէին կարողանում դեմ կանգնել այն իմաստությանը և Հոգուն, որով խոսում էր նա»։ Ի վերջո Ստեփանոսին նախանձող անձինք կարողանում են ամբաստանել նրան և կանգնեցնել ատյանի առաջ։ Ի հեճուկս զրպարտիչների` Ստեփանոսը խոսում է մի ճառ և մարգարեների կանխասացությունների հիման վրա մատնանշում, որ քրիստոնեական կրոնը ոչ թե իրենց հայրերի կրոնի մերժումն է, այլ լրումն ու ամբողջացումը։ Ժողովականները, երբ լսում են նրա խոսքերը, բարձրաձայն աղաղակելով փակում են իրենց ականջները և նետվելով նրա վրա` քաղաքից դուրս հանում ու քարկոծում (տե՛ս Գործք Զ-Է)։ ՍՏԵՓԱՆՈՍԻ ՃԱՌԸ «Եղբայրե՛ր և հայրե՛ր, լսեցե՛ք ինձ. փառքի Աստվածը երևաց մեր հորը՝ Աբրահամին, մինչ նա դեռ Միջագետքում էր, և նրան Խառանում դեռ չէր բնակեցրել, ու ասաց նրան. 3 “Դո՛ւրս ել քո երկրից և քո տոհմից ու արի՛ այն երկիրը, որ քեզ ցույց կտամ”: Այն ժամանակ Աբրահամը ելնելով քաղդեացիների երկրից՝ բնակվեց Խառանում. և նրա հոր մահից հետո այնտեղից Աստված փոխադրեց պանդխտեցրեց նրան այս երկիրը, ուր դուք այժմ բնակվում եք: Այստեղ նրան և ոչ մի ժառանգություն չտվեց, ոչ իսկ մի ոտնաչափ տեղ, բայց խոստացավ նրան այս տեղը տալ բնակության համար և իրենից հետո նրա սերնդին, երբ դեռ նա որդի չուներ: Աստված այսպես խոսեց. “Նրա սերունդը օտար երկրում պանդուխտ պիտի լինի, և նրան ծառա պիտի դարձնեն ու չորս հարյուր տարի պիտի չարչարեն: Եվ այն ազգին, որին նրանք ծառա պիտի դառնան, ես պիտի դատեմ, և ասում է Աստված, և սրանից հետո պիտի ելնեն ու պիտի պաշտեն ինձ այս տեղում”: Եվ նրան թլփատության ուխտ տվեց, ու ապա նա ծնեց Իսահակին և թլփատեց նրան ութերորդ օրը. և Իսահակը՝ Հակոբին, Հակոբն էլ՝ տասներկու նահապետներին: Եվ նահապետները, Հովսեփին նախանձելով, նրան վաճառեցին, որ Եգիպտոս տարվի. բայց Աստված նրա հետ էր ու ազատեց նրան իր բոլոր նեղություններից. և նրան շնորհներ ու իմաստություն տվեց Եգիպտոսի Փարավոն թագավորի առաջ. և նրան իշխան կարգեց եգիպտացիներին և նրա ամբողջ տան վրա: Եվ սով եղավ ամբողջ Եգիպտոսում ու Քանանում. և մեծ նեղություն կար, և մեր հայրերը ուտելիք չէին գտնում: Եվ Հակոբը լսելով, թէ Եգիպտոսում ուտելիք կա, նախ ուղարկեց մեր հայրերին, իսկ երկրորդ անգամ Հովսեփը իր եղբայրներին ծանոթություն տվեց իր մասին, և Փարավոնին հայտնի եղավ նրա ազգատոհմը: Հովսեփը մարդ ուղարկեց և բերել տվեց Հակոբին՝ իր հորը և ամբողջ ազգատոհմին՝ յոթանասունհինգ հոգի: Եվ Հակոբը Եգիպտոս իջավ, որտեղ և վախճանվեցին ինքը և մեր հայրերը: Նրանց մարմինները փոխադրվեցին Սյուքեմ և դրվեցին այն քարայրի մեջ, որն Աբրահամը արծաթով գնել էր Եմորի որդիներից՝ Սյուքեմում: Երբ մոտեցավ ավետեաց ժամանակը, որ Աստված խոստացել էր Աբրահամին, ժողովուրդը Եգիպտոսում աճեց և բազմացավ, մինչև որ Եգիպտոսում ելավ մի ուրիշ թագավոր, որ չէր ճանաչում Հովսեփին: Նա հնարքներ բանեցրեց ընդդեմ մեր ազգի և չարչարեց մեր հայրերին՝ նրանց զավակներին ընկեցիկ անել տալով, որ չապրեն: Այդ ժամանակում ծնվեց նաև Մովսեսը, որն Աստծու առաջ վայելուչ էր և որն իր հոր տանը մեծացավ երեք ամիս. և երբ նրան ընկեցիկ արեցին, Փարավոնի դուստրը նրան վերցրեց և նրան մեծացրեց որպես իրեն որդեգիր: Մովսեսը եգիպտացիների ամբողջ իմաստությամբ կրթվեց և զորավոր էր իր խոսքերով և գործերով: Երբ նրա քառասուն տարին լրացավ, նրա սրտում ընկավ իր եղբայրների՝ իսրայելացիների մեջ շրջելու միտքը: Եվ նա մի անիրավված իսրայելացու տեսնելով՝ զայրացավ և զրկվածի վրեժը լուծեց եգիպտացուն սպանելով: Մտածում էր, թե իր եղբայրները կիմանան, որ Աստված իր ձեռքով նրանց փրկություն է տալու. բայց նրանք չիմացան: Եվ հաջորդ օրը հանդիպեց երկու իսրայելացիների, երբ նրանք կռիվ էին անում, և նրանց ստիպեց խաղաղություն անել ու ասաց. “Ո՛վ մարդիկ, եղբայրներ եք, ինչո՞ւ եք միմյանց անիրավում”: Իսկ նա, ով անիրավում էր ընկերոջը, մերժեց նրան ու ասաց. “Քեզ ո՞վ իշխան և դատավոր կարգեց մեր վրա. մի՞թե ինձ էլ սպանել ես ուզում, ինչպես որ երեկ սպանեցիր եգիպտացուն”: Եվ այս խոսքերի վրա, Մովսեսը փախավ ու պանդուխտ եղավ Մադիամի երկրում, ուր ծնվեցին նրա երկու որդիները: Երբ քառասուն տարիներ անցան, Սինա լերան անապատում նրան երևաց Տիրոջ հրեշտակը՝ մի մորենու կրակի բոցերի մեջ: Եվ Մովսեսը այս տեսնելով՝ զարմացավ տեսիլքի վրա, ու երբ նա մոտենում էր նայելու, հասավ Տիրոջ ձայնը. “Ես եմ քո հայրերի Աստվածը, Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը”: Եվ Մովսեսը, զարհուրած, չէր համարձակվում նայել: Եվ Տերը նրան ասաց. “Քո ոտքերի կոշիկները հանի՛ր, որովհետև այն տեղը, որի վրա դու կանգնել ես, սուրբ հող է: Ես աչքովս տեսա Եգիպտոսում իմ ժողովրդի չարչարանքները, լսեցի նրանց հառաչանքը և իջա նրանց փրկելու: Այժմ արի՛, քեզ պիտի ուղարկեմ Եգիպտոս”: Այն Մովսեսին, որին ուրացան և ասում էին՝ “Ո՞վ քեզ մեր վրա իշխան և դատավոր կարգեց”, նրա՛ն Աստված որպես իշխան և փրկիչ ուղարկեց հրեշտակի միջոցով, որ երևաց Մովսեսին մորենու մեջ: Նա՛ դուրս հանեց նրանց՝ նշաններ և զարմանալի գործեր անելով Եգիպտացիների երկրում և Կարմիր ծովում ու անապատում՝ քառասուն տարիներ: Ա՛յս Մովսեսն է, որ ասաց իսրայելացիներին. “Ձեր Տեր Աստվածը ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարե պիտի հանի ձեզ համար, նրա՛ն լսեցեք”: Ա՛յս Մովսեսն է, որ անապատում հավաքված ժողովրդի և այն հրեշտակի միջև էր, որ Սինա լերան վրա խոսեց նրա հետ և մեր հայրերի հետ. նա՛ է, որ կենարար պատգամներ ընդունեց՝ մեզ տալու համար: Մեր հայրերը չուզեցին հնազանդվել նրան, այլ նրան մերժեցին ու իրենց սրտերով դեպի Եգիպտոս դարձան և Ահարոնին ասացին. “Մեզ համար աստվածներ կերտի՛ր, որ գնան մեր առաջից. որովհետև այն Մովսեսը, որ մեզ Եգիպտացիների երկրից հանեց, չգիտենք, թե ինչ պատահեց նրան”: Եվ այդ օրերին մի հորթ ձուլեցին ու կուռքին զոհեր մատուցեցին. և իրենց ձեռքի գործերով էին ուրախանում: Ուրեմն, Աստված էլ երես դարձրեց և նրանց մատնեց երկնքի աստղերի պաշտամունքին, ինչպես որ գրված էլ է մարգարեների գրքում. “Միթե անապատում քառասուն տարի զոհեր ու պատարագնե՞ր մատուցեցիք ինձ, Իսրայելի՛ տուն. այլ դուք վերցրիք Մողոքի վրանը և Հռեմփա աստծու աստղը և այն պատկերները, որ քանդակեցիք նրանց երկրպագելու համար. ահա ինչո՛ւ ես ձեզ պիտի փոխադրեմ բաբելացիների երկրի մյուս կողմը”: Անապատում մեր հայրերի հետ էր վկայության խորանը. ինչպես նա, որ խոսեց Մովսեսի հետ, հրաման տվեց շինել այն ըստ այն օրինակի, որ ինքը տեսել էր: Եվ մեր հայրերն էլ, այն առնելով, բերեցին, երբ Հեսուի հետ գրավեցին այն ազգերի երկիրը, որոնց Աստված վտարեց մեր հայրերի առջևից: Այսպես էր մինչև Դավթի օրերը, երբ նա Աստծու առաջ շնորհ գտավ ու խնդրեց, որ Հակոբի Աստծու համար մի բնակարան կառուցի: Իսկ Սողոմոնն էլ նրա համար մի տուն շինեց. սակայն Բարձրյալը բնակվում է ոչ թե ձեռակերտ տաճարների մեջ, այլ, ինչպես մարգարեն է ասում. “Երկի՛նքն է իմ աթոռը, և երկիրը՝ պատվանդանն իմ ոտքերի: Ինչպիսի՞ տուն պիտի շինեիք ինձ, և ասում է Տերը, և կամ ինչպիսի՞ տեղ՝ իմ հանգստյան համար. չէ՞ որ իմ ձեռքն է շինել այս բոլորը”: Կամակորնե՛ր, որոնց սիրտն ու ականջները փակ են Աստծու կոչին, դուք միշտ Սուրբ Հոգուն հակառակում եք. ինչպես որ ձեր հայրերն էին, այնպես էլ՝ դուք: Ձեր հայրերը մարգարեներից որի՞ն չհալածեցին: Եվ սպանեցին նրանց, որոնք նախօրոք պատմեցին Արդարի գալստյան մասին, որի մատնիչներն ու սպանողները եղաք դուք այժմ, դուք, որ հրեշտակների հրամանների միջոցով օրենքն ստացաք, բայց այն չպահեցիք» (Գործք Բ 2-57):