Ս. Հակոբ Մծբնա հայրապետը Ս. Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին էր, պարթևական տոհմից: Նա պատանի հասակից ապրել է ճգնավորական կյանքով։ Իր հանապազօրյա ջերմեռանդ աղոթքների ու ճգնությունների դիմաց իբրև վարձատրություն Աստծուց ստացել է մարգարեական, հրաշագործության ու առաքելական շնորհներ։ Նա իր սրբակենցաղ վարքով նմանվել է հրեշտակներին և, արդարև, կոչվել է «մարմնավոր հրեշտակ»։ Ցանկանալով Նոյյան տապանից մի կտոր վերցնել՝ ուղևորվել է Արարատ լեռ։ Բայց նրա ելքը սուրբ լեռ տեղի չունեցավ, որովհետև երբ հոգնեց ու քնեց լեռան ստորոտում, Տերը կանխեց նրա վերելքը դեպի լեռան կատար. հրեշտակը, տապանից մի կտոր վերցնելով, դրեց սուրբի գլխատակին։ Երբ Հակոբն արթնացավ, հասկացավ կատարված խորհուրդը և գոհացավ Աստծուն։ Ուրախությամբ վերադարձավ՝ իր հետ բերելով օրհնված փայտը, որը խաչի կերպարանք ուներ: Տապանի այդ մասունքը պահվում է Ս. Էջմիածնի վանքում։ Այնուհետև Ս. Հակոբը, ստանալով եպիսկոպոսական ձեռնադրություն, ստանձնել է Մծբինի առաջնորդությունը։ Նա դարձի է բերել շատերի, հիմնել բազում եկեղեցիներ և դպրության օջախներ։ Մասնակցել է 325 թ. Նիկիայի Առաջին Տիեզերական ժողովին։ Մահացել է 350 թ.։ Ս. Մարուգե ճգնավորը եղել է Հակոբ Մծբնեցու աշակերտը։ Քրիստոնեություն է քարոզել Ասորիքում և հայկական Միջագետքում։ Ս. Մելիտոսը՝ Անտիոքի եպիսկոպոսը († 381), ծնվել է Փոքր Հայքի Մելիտինե քաղաքում և եղել Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը 358 թ., ապա 360 թ. գահակալել է Անտիոքի Աթոռին։ Եղել է Բարսեղ Մեծի ընկերը, պայքարել է արիոսականների դեմ, որի պատճառով հերետիկոսների սադրանքով երիցս աքսորվել է։ Նախագահել է 381 թ. Կ. Պոլսի Երկրորդ Տիեզերական ժողովը, սակայն մահացել է ժողովի ավարտից առաջ։