Ս. Եղիշեն ծնվել է 410-ական թթ.: Եղիշեն Սահակ-Մեսրոպյան դպրոցի գլխավոր աշակերտներից էր: Լինելով Վարդանի ատենադպիրը` շուրջ 458 թ. գրում է Վարդանանց պատերազմի պատմությունը: Գրել է «Միանձանց խրատ» բարոյախոսական աշխատությունը և խրատական կանոններ, ինչպես նաև «Տէրունական աղօթից», «Յեսուայ» ու «Դատաւորաց» գրքերի մեկնությունները, «Մեկնութիւն արարածոց»-ը և «Այլակերպութեան» մի ճառ: Վարդանանց պատերազմից հետո Եղիշեն ճգնողական կյանք է վարում նախ Մոկաց, ապա Ռշտունյաց լեռներում, որտեղ կնքում է իր մահկանացուն հավանաբար 470-475 թթ.: Ս. Մովսես Քերթողը կամ Պատմահայր Մովսես Խորենացին ծնվել է մոտ 410 թ. Տարոն գավառի Խորոնք գյուղում: 15-16 տարեկանում ուսանում է Վաղարշապատում, որտեղ դասավանդում էր Ս. Մեսրոպը: 432-434 թթ. մյուս ուսանողների հետ գնում է Ալեքսանդրիա` բարձրագույն ուսում ստանալու: 5-6 տարի ուսանելուց հետո վերադառնում է հայրենիք: Խորենացու հոգևոր հայրերը` Ս. Սահակն ու Ս. Մեսրոպը, արդեն մահացել էին, ինչի մասին նա անդրադառնում է իր «Ողբ»-ում: Գրել է «Ներբողեան Հռիփսիմեանց», «Պատմութիւն Հռիփսիմեանց», «Ճառ Վարդավառի», «Թուղթ առ Սահակ Բագրատունի» և «Պատմութիւն Հայոց» աշխատությունները: Մահացել է մոտ 485 թ.: Ս. Դավիթ Անհաղթը ծնվել է 470-ական թթ. Տարոն գավառի Ներգին գյուղում, այդ պատճառով էլ հաճախ կոչվել է նաև Դավիթ Ներգինացի: Ուսանել է Ալեքսանդրիայում: Ուսումնառության տարիներին դրսևորած իր ձիրքերի և փիլիսոփայական վեճերին մասնակցելու իր հմտության շնորհիվ ստացել է «Անհաղթ» տիտղոսը: Գրել է «Փիլիսոփայության սահմանումները», «Պորփյուրի «Ներածության» վերլուծությունը», «Արիստոտելի “Կատեգորիաների” մեկնությունը» աշխատությունները: Դավիթ Անհաղթի երկերը պահպանվել են երկու լեզուներով` հայերեն և հունարեն: Մահացել է 6-րդ դարի կեսերին: Թաղված է Տարոն գավառի Մշո Ս. Առաքելոց վանքում: Ս. Գրիգոր Նարեկացին († 1003 թ.) Նարեկավանքի ճգնավոր էր, հայ մեծ բանաստեղծ, փիլիսոփա և երաժիշտ: Ծնվել է Վանա լճի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում: Եպիսկոպոս Խոսրով Անձևացու որդին է: Մանուկ հասակից մեծացել և ուսում է առել իր մոր հորեղբոր` Անանիա Նարեկացու մոտ Ռշտունյանց աշխարհի Նարեկ գյուղի համանուն վանքում: Գրիգոր Նարեկացուց մնացել են բազում գործեր` «Մեկնութիւն Երգ երգոց Սողոմոնի», չորս ներբող, գանձեր, տաղեր (թվով 30-ից ավելի), «Մատեան ողբերգութեան» երկը, թղթեր և այլն: Հայ և համաշխարհային գրականության մեջ «Մատեան ողբերգութեան»-ը մեծ հռչակ է վայելում: Ս. Ներսես Կլայեցին (Շնորհալի) ծնվել է 1102 թ. Տլուք գավառի Ծովք դղյակում: Ներսեսի հայրը Պահլավունի իշխան Ապիրատն էր, մոր կողմից` Գրիգոր Մագիստրոսի թոռը: Ներսեսի և նրա եղբոր` Գրիգորի ուսման և դաստիարակության գործն իր վրա է վերցնում Գրիգոր Մագիստրոսի որդին` Գրիգոր Վկայասեր կաթողիկոսը: Ներսեսն ու Գրիգորն իրենց ուսումնառությունն անց են կացնում Քեսունի մոտ գտնվող Կարմիր վանքում: 1166 թ. ընտրվում է Ամենայն Հայոց կաթողիկոս: Ներսես Կլայեցին կամ Շնորհալին գրել է բազմաթիվ տաղեր, մեղեդիներ, շարականներ, գանձեր, աղոթքներ, հանելուկներ, խրատներ, մեկնություններ, ինչպես նաև «Վիպասանութիւն», «Յիսուս Որդի» և «Ողբ Եդեսիոյ» երեք նշանավոր դավանաբանական գործեր Հայ և Հույն Եկեղեցիների միության մասին: Մահացել է 1173 թ. Հռոմկլայում: