Ըստ հայկական ավանդության՝ Հռիփսիմյան կույսերը, Հայաստան գալով, բնակություն են հաստատում Վանա լճից հարավ-արևելք ընկած Վարագ լեռան վրա: Ս. Հռիփսիմեն Վաղարշապատ գնալուց առաջ այնտեղ պահում է Քրիստոսի Խաչափայտի մասունքը, որ ուներ իր պարանոցին: 653 թ. Թոդիկ ճգնավորին տեսիլքով հայտնվում է մասունքի պահված վայրը: Իր աշակերտ Հովելի հետ աղոթելիս նա... հանկարծակի տեսնում է մի պայծառ լույս Վարագ լեռան վրա` շրջապատված 12 լուսեղեն սյուներով: Լույսերը շարժվում, մտնում են եկեղեցի ու կանգ առնում Ս. Սեղանի վրա` 12 օր շարունակ տեսանելի լինելով նաև հեռավոր վայրերից: Շուտով հոգևորականների և աշխարհականների մի մեծ բազմություն է ժամանում` Ներսես Գ Շինող կաթողիկոսի և Ռշտունյաց Թեոդորոս նախարարի որդի Վարդ սպարապետի գլխավորությամբ: Այն վայրը, ուր նախապես երևացել էին լուսե սյուները, կառուցում են մի մեծ եկեղեցի: Վերակառուցում են նաև այն եկեղեցին, ուր պահ էր մնացել Խաչափայտի մասունքը: Ներսես Կաթողիկոսը սահմանում է Վարագա Ս. Խաչի տոնը սեպտեմբերի 28-ի մերձավոր կիրակի օրը, սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ի միջև: Հիմնվում է Վարագա Ս. Նշան վանքը: Ս. Նշանի մասունքը մինչև 1021 թ. մնացել է Վարագի վանքում, որտեղից Սենեքերիմ Արծրունի թագավորն իր հետ փոխադրում է Սեբաստիա: Սենեքերիմի մահից հետո, իր կտակի համաձայն, այն նորից փոխադրվում է Վարագա վանք, ուր և պահվում է մինչև 1651 թ., որից հետո գերի է տարվում Խոշաբ: 1655 թ. գերությունից ազատվելով` Ս. Նշանը զետեղվում է Վանի Ս. Տիրամոր Մայր Եկեղեցում, որն այնուհետև կոչվում է Ս. Նշան, ուր և պահվում էր մինչև Մեծ Եղեռնը: