Ս. Գևորգ զորավարը ծնունդով Կապադովկիայից էր: Մեծացել է քրիստոնյա ընտանիքում: Այնուհետև զինվորագրվել է հռոմեական բանակում և կարճ ժամանակամիջոցում հասել զորավարի աստիճանի: Եղել է Դիոկղետիանոս կայսեր սիրված անձնավորություններից: Քրիստոնյաների նկատմամբ հալածանքներ սկսելուց առաջ կայսրն այդ առթիվ խորհրդակցություն է հրավիրում իր մեծամեծներին` նրանց հավանությունը ստանալու: Բոլորը հավանություն են տալիս՝ բացի Գևորգից, ով խստագույնս քննադատում է կայսեր առաջարկը, որից էլ պարզ է դառնում նրա քրիստոնյա լինելը: Կայսրը բանտարկել է տալիս Գևորգին և ենթարկում անլուր չարչարանքների, որոնց նա տոկում է քաջաբար: Ի վերջո բազմաթիվ ստիպումներից և հորդորներից հետո Գևորգը տալիս է իր համաձայնությունը` այցելելու կուռքերին: Սակայն նա մեհյանում մի առ մի ջարդոտում է բոլոր կուռքերը` դրանք հայտարարելով սուտ և սին: Այս հանդուգն արարքի համար Դիոկղետիանոս կայսրը գլխատել է տալիս նրան հավանաբար 303 թ.: Ս. Գևորգը համարվում է Անգլիայի պաշտպան սուրբը: Ս. Ադոկտոսը (4-րդ դ.) նահատակվել է հայկական Մելիտինեում Մաքսիմիանոսի ժամանակ: Պետական պաշտոնյա էր Եփեսոս քաղաքում: Ծածուկ քրիստոնյա էր: Ադոկտոսը չի ցանկանում իր դստեր` Կալիսթենեին կնության տալ հեթանոս կայսրին և ուղարկում է նրան Արևելք: Այսպիսով բացահայտվում է, որ Ադոկտոսը քրիստոնյա է: Կայսրը զրկում է նրան կոչումից և ունեցվածքից և վտարում Մելիտինե` հրամայելով կուսակալին` վերադարձնել նրան հեթանոսության: Ադոկտոսն անսասան է մնում հավատքի մեջ, որի համար էլ գլխատվում է: Իր կինը և մյուս դուստրը` Պելոպիան, թաղում են նրան: Մաքսիմիանոսի մահից հետո Կոստանդիանոս Մեծի քույրը, Լիկիանիոս կայսեր կինը` Կոնստանցան, հովանավորություն է ցուցաբերում Կալիսթենեի նկատմամբ, որը տեղափոխում է հոր մասունքները Եփեսոս և նրա գերեզմանի վրա կառուցում մի մատուռ: Հետագայում նա ապրում է Եփեսոսում իր մոր և քրոջ հետ և խաղաղությամբ վախճանվում 320 թ.: Ս. Ռոմանոս Երգեցողը (556) համարվում է կանոնների հեղինակ: Նա եղել է դպիր Կ. Պոլսի Ս. Սոֆիա եկեղեցում: Լինելով անարգված ու սաստիկ վշտացած` լավ երգել ու կարդալ չկարողանալու պատճառով նա աղոթում է Ս. Կույս Աստվածածնին և օգնություն խնդրում: Ս. Կույսը հայտնվում է նրան երազում և հրամայում ուտել մի թղթագլան, որը տալիս է նրան: Դրանից հետո Ռոմանոսն ստանում է շարականներ գրելու և դրանք գեղեցիկ կատարելու շնորհ: Նա հեղինակ է 1000 կանոնների: