Տրդատը Խոսրով Ա-ի որդին էր, Արշակունի տոհմից: Սնվել, մեծացել և զինվորական կրթություն է ստացել Հռոմում, ապա 287 թ. Դիոկղետիանոս կայսեր ջանքերով բազմել Հայաստանի թագավորական գահին: Ամուսնացել է ալանների արքայադստեր` Աշխենի հետ: Տրդատի անվան հետ է կապված 301 թ. քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն հռչակելը: Տրդատ թագավորը, Աշխեն թագուհին և Խոսրովիդուխտ թագավորաքույրը մեծ չափով օգնել են Ս. Գրիգոր Լուսավորչին Հայաստանում քրիստոնեությունը տարածելու և ամրապնդելու գործում: Նրանք երեքն էլ անձամբ մասնակցել են Ս. Էջմիածնի Մայր Տաճարի շինարարությանը: Տրդատ թագավորն իր ծերության օրերին առանձնացել, Սեպուհ լեռան վրա` Լուսավորչի միայնանոցի մեջ ճգնողական կյանք է վարել և ապա թունավորվելով մահացել 330 թ.` հավանաբար զոհ գնալով հակաքրիստոնյա ոգով տոգորված նախարարների վրեժխնդրությանը: Ս. Տրդատի մարմինն ամփոփվել է Թորդանում` Լուսավորչի հանգստարանում: Խոստովանական կյանքով իրենց հոգիներն Աստծուն են ավանդել նաև Աշխեն թագուհին և Խոսրովիդուխտը ճգնողական կյանքով ապրելուց հետո, Գառնի ամրոցում: