Սահակ Պարթևը Ներսես ՄԵծ կաթողիկոսի որդին էր, Ս.Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը: Նախնական կրթությունն ստացել է Հայաստանում, ապա ուսանել է Կեսարիայում ու Կ. Պոլսում` կատարելապես հմտանալով երաժշտական արվեստի, հռետորական ատենաբանության, իմաստասիրության և լեզվագիտության մեջ: Նա իրեն նվիրել է ճգնությունների ու աղոթքի` միաժամանակ կազմելով 60 անձից բաղկացած ուսումնատենչ ու կրոնավոր աշակերտների մի խումբ և, շրջելով Հայաստանի գավառներով, ծավալել քարոզչական բուռն գործունեություն: 387 թ. Խոսրով Գ արքայի կամքով Ս. Սահակը բազմել է Հայոց հայրապետական գահին: Ս. Սահակ հայրապետը, հիրավի, կոչվել է «մտքերի լուսավորիչ», քանի որ նա իր 52-ամյա հայրապետական գործունեությամբ Ս. Մեսրոպ Մաշտոցի հետ անձանձիր նվիրումով լծվել է Հայոց Եկեղեցու պայծառացման ու նրա հավատավոր հոտի լուսավորության առաքելությանը: Նրան և Ս. Մաշտոցին ենք պարտական Աստվածաշնչի հայերեն թարգմանության համար, որը ցայսօր համարվում է կատարյալ և կոչվում է թարգմանությունների թագուհի: Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 360 թ. Տարոնի գավառի Հացեկաց գյուղում: Մանուկ հասակից սովորում է հունարեն և պարսկերեն ու Խոսրով Գ թագավորի օրոք պաշտոնավարում է արքունական դիվանում: Այնուհետև թողնում է աշխարհիկ կյանքն ու նվիրվում հոգևոր գործունեության: 395 թ. գնում է Գողթն գավառ` քարոզչության: Ու հենց այստեղ, այս գործունեության մեջ էլ զգում է հայ գրերի կարևորությունը, որի համար և դիմում է Սահակ կաթողիկոսի օգնությանը: Կաթողիկոսի հավանությամբ և միջնորդությամբ ու Վռամշապուհ թագավորի արքունական հրովարտակով Վահրիճ իշխանն ուղարկվում է Դանիել Ասորի եպիսկոպոսի մոտ` հայկական նշանագրերը բերելու, սակայն պարզվում է, որ նշված նշանագրերը չեն բավարարում հայոց լեզվի ճշգրիտ արտահայտությանը: Այդ պատճառով իր մի քանի աշակերտների հետ Մեսրոպը ճամփորդում է Եդեսիա, Ամիդ: Այնուհետև երկնային զորությամբ Մաշտոցը հղանում է հայերեն գրերը և, անցնելով Սամոսատ, Հռուփանոս անունով մի հունագետի հետ վերջնականորեն կերպավորում է հայկական տառերը: Ապա գալիս է Հայաստան և բացում դպրոցներ: Աստվածաշնչից հայերեն թարգմանած առաջին նախադասությունն էր. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (Առակ. Ա 2): Ս. Մեսրոպ Մաշտոցը վախճանվել է 440 թ. փետրվարի 17-ին Վաղարշապատում և թաղվել 0շական գյուղում: