Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից Հայ եկեղեցու մեծ տոներից է, որ հիշատակվում է Հռիփսիմյան եւ Գայանյան տոներին հաջորդող շաբաթ օրը: 301 թվականին Ս. Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալը սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի: Հայոց հեթանոս Տրդատ արքան ու արքունի պալատականները ծանր հիվանդանում են: Տրդատի քույրը երազ է տեսնում, որ արքայի հիվանդությունը կարող է բուժել միայն Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը: Եվ ահա 13-ամյա բանտարկությունից հետո նա ազատ է արձակվում: Ս. Գրիգորի աղոթքներով ապաքինվում է արքան` դառնալով Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական քարոզչության լծակիցը: Քրիստոնեությունը հռչակվում է հայոց պետական կրոն: Ըստ ավանդության, Խոր Վիրապի բանտարկությունից դուրս գալուց հետո, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը տեսնում է նշանավոր տեսիլքը, ուր Միածինը՝ ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից եւ ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ՝ իջավ Միածինը: Սբ. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվում է Սուրբ Էջմիածնի՝ Աստվածածնին նվիրված Կաթողիկե Մայր Տաճարը: Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Սուրբ Սեղանը: Էջմիածնի կառուցման աշխատանքներին ժողովրդի հետ մասնակցել են նաեւ Տրդատ թագավորը եւ Աշխեն թագուհին՝ չխորշելով իրենց արքայական հագուստներով շինանյութ մատակարարել: