«Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ` Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացիր, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ է»: Իսկ նա այս խոսքերի վրա խռովվեց և մտքում խորհում էր, թե ինչ բան էր այս ողջույնը: Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիամ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: Եվ Տեր Աստված նրան կտա նրա հոր` Դավթի աթոռը, և նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպե՞ս այդ կպատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»: Հրեշտակը պատասխանեց և նրան ասաց. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզնից է ծնվելու, սուրբ է և Աստծու որդի կկոչվի: Եվ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա ևս հղի է իր ծերության մեջ, և այս հղիության վեցերորդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչված, որովհետև Աստծու համար անկարելի բան չկա»: Եվ Մարիամն ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ»: Եվ հրեշտակը հեռացավ նրանից» (Ղուկ. Ա 26-38):
ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՀԱՅՈՑ ՄԵՋ
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՏՈՆՈՒՄ ՀՈՒՆՎԱՐԻ 6-ԻՆ
Հաճախ հարցնում են, թե ինչու Հայոց եկեղեցին Ս. Ծնունդը չի տոնում դեկտեմբերի 25-ին` մյուս եկեղեցիների հետ: Հայտնի է, որ Քրիստոսի ծննդյան օրվա մասին որևէ ստույգ տեղեկություն չկա, և ոչ էլ այդ մասին արձանագրված է Ավետարանում: Սակայն հարկ է նշել, որ բոլոր քիստոնեական եկեղեցիները մինչև չորրորդ դարը Քրիստոսի ծնունդը նշել են հունվար 6-ին: Ըստ հռոմեակաթոլիկ աղբյուրների` Ս. Ծննդյան օրը հունվար 6-ից դեկտեմբերի 25-ը տեղափոխվեց այն պատճառով, որպեսզի անտեսվի արևի աստծուն նվիրված հեթանոսական պաշտամունքը, որ կատարվում էր դեկտեմբերի 25-ին: Այդ ժամանակներում քրիստոնյաները շարունակում էին պահպանել իրենց հեթանոսական տոնակատարություները, և որպեսզի այդ սովորությունները վերացվեն, Հռոմի եկեղեցին Քրիստոսի Ս. Ծննդյան օրը տեղափոխեց դեկտեմբերի 25-ը, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Աստվածահայտնության օր (336 թ.): Ս. Ծնունդը դեկտեմբերի 25-ին տոնելու Հռոմի նախաձեռնությունը նախ տարածվեց Արևմուտքում, ապա անցավ Արևելք: 5-6-րդ դարերում արդեն գրեթե բոլոր եկեղեցիները Քրիստոսի Ծնունդը տոնում էին դեկտեմբերի 25-ին (հին տոմարով հունվար 7-ին): Սակայն մեզանում այդ փոփո- խությունն անիմաստ էր, քանի որ Հայաստանում այդ ժամանակ չկային նման հեթանոսական սովորություններ: Այսպիսով, հավատարիմ մնալով իրենց հայրերի ավանդություններին` հայերը մինչ օրս շարունակում են Ս. Ծնունդը տոնել հունվար 6-ին: Հարկ է նշել, որ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը, օգտագործելով հին` հուլյան տոմարը, ցարդ շարունակում է Ս. Ծնունդը տոնել հունվարի 6-ին` ըստ հին տոմարի, որը համապատասխանում է նոր տոմարով հունվարի 19-ին: