Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո (Անթիլիաս, Լիբանան) – Կոչվում է նաև Կաթողիկոսություն Փոքր Հայոց, Հայրապետություն Մեծին Կիլիկիո, Եպիսկոպոսություն Տանն Կիլիկիո, Սսի կաթողիկոսություն, Անթիլիասի կաթողիկոսություն: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասնավոր նվիրապետական աթոռ է: Ճանաչում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գահերեցությունը և նախամեծարությունը: Հիմնադրվել է Կիլիկիայի Սիս մայրաքաղաքում` Հայոց կաթողիկոսության նախկին նստավայրում, երբ 1441թ. Էջմիածնի Ազգային Եկեղեցական ժողովի որոշմամբ հայրապետական աթոռը վերահաստատվել է Սուրբ Էջմիածնում: Կաթողիկոսանիստը Անթիլիասի (Լիբանան) Ս․ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարն է (1941թ․-ից): Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Քեշիշյանը (1995թ․-ից): Կիլիկիո կաթողիկոսությունը ղեկավարվում է իր կանոնադրությամբ, որը մշակվել է 1860թ.՝ Ազգային սահմանադրության սկզբունքներով:
Ներկայումս Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության իշխանության ներքո են Լիբանանի (Բեյրութ), Բերիո (Հալեպ), Հյուսիսային Ամերիկայի Արևելյան նահանգների և Կանադայի (Նյու Յորք, ընդգրկում է նաև Վենեսուելայի հոգևոր հովվությունը), Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան (Լոս Անջելես), Կիպրոսի (Նիկոսիա), Թեհրանի (Թեհրան), Սպահանի (Իրանա-Հնդկաստան), Ատրպատականի (Թավրիզ), Հունաստանի (Աթենք), Քուվեյթի եւ Արաբական ծոցի երկրների (Էլ Քուվեյթ) թեմերը:
Երուսաղեմի հայոց պատրիարքություն – Հիմնադրվել է 7-րդ դարում: Պատրիարքարանի տարածքը (Հայկական թաղամաս) զբաղեցնում է հին Երուսաղեմի չորս թաղամասերից մեկը (1/6 մասը` 150 հազ. քառ. մ.): Աթոռանիստը Սրբոց Հակոբյանց վանքն է: Ներկայումս Երուսաղեմի հայոց պատրիարքության հոգևոր իշխանության ներքո են Իսրայելի հայկական եկեղեցիները և Հորդանանի հոգեւոր հովվությունը: Պատրիարքը Սրբոց Հակոբյանց վանքի հոգևոր և վարչական պետն է, Երուսաղեմի քաղաքական իշխանությունների առջև հայ համայնքի ներկայացուցիչը: Նրան ընտրում է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության ընդհանուր ժողովը, որին և հաշվետու է: Ընտրությունը հաստատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Երուսաղեմի վրա իշխող պետության ղեկավարը: Երուսաղեմի ներկայիս հայոց պատրիարքն է Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը:
Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն – Կոչվում է նաև Պատրիարքություն Հայոց Թուրքիո, ստեղծվել է 1461թ.: Աթոռանիստը Գումգափուի Ս․ Աստվածածին Մայր Եկեղեցին է: Պատրիարքությունը Թուրքիայի հայկական համայնքների հոգևոր ներկայացուցչությունն է: Իր գործունեությամբ նպաստում է հայ ցրված համայնքների համախմբմանը, նրա ազգային ինքնուրույնության, լեզվի ու մշակույթի պահպանմանը: Պատրիարքն իր իրավասությունից բխող գործողություններն իրականացնում է Կրոնական ժողովի միջոցով: Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքն է Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյան (2019-ից):