Հայերեն թարգմանական և ինքնուրույն գրականության ստեղծման հիմքը դրվել է Ս. Էջմիածնում դեռևս 5-րդ դարասկզբին: Հետագա դարերում Ս. Էջմիածնում շարունակվել է թարգմանական և հայալեզու գրականության ստեղծումը և ձեռագրերի ընդօրինակումը: Ս. Էջմիածնում, 18-րդ դարի վերջին, Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի ջանքերով Հայաստանում առաջին անգամ հիմնադրվել է տպարան, թղթի գործարան և հրատարակչություն:
Մայր Աթոռի հրատարակչական ոլորտը կարգավորելու նպատակով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, 2006 թ. ստեղծվեց Մայր Աթոռի Հրատարակչական բաժինը:
Հավատացյալների հոգևոր կարիքները հոգալու համար, Մայր Աթոռի Հրատարակչական բաժինը համապատասխան գրականության լույսընծայումով իրականացնում է հոգևոր քարոզչություն:
2006-2020 թթ. ընթացքում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատարակչության կողմից իրականացվել են օտար լեզուներից և գրաբարից թարգմանությունների, եկեղեցագիտական, հայագիտական, մեկնողական գրականության, ինչպես նաև քրիստոնեական, բարոյագիտական, ուսուցողական գրքույկների հրատարակություններ:
2012 թ. և 2013 թ. առաջին անգամ Ս. Էջմիածնում հրատարակվել է Ս. Գրիգոր Նարեկացու «Նարեկ» աղոթագրքի համապատասխանաբար աշխարհաբար և գրաբար տարբերակները, որոնք մեծ ընդունելություն են գտել հավատացյալների շրջանում:
2022թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հրատարակչական բաժինը, համագործակցելով «SOS Արևելքի քրիստոնյաներ» (SOS Chrétiens d’Orient) հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ, նախաձեռնել է 250-ամյա տպարանի սարքավորումների արդիականացման գործընթաց, որը պետք է ընթանա մի քանի փուլով: Ավարտին նախատեսվում է վերազինել տպարանը՝ համալրելով թե՛ տպագրական և թե՛ կազմարարական անհրաժեշտ նորագույն ու ժամանակակից սարքավորումներով։
Հրատարակչական բաժինը 2006-2020 թթ. ընթացքում հրատարակել է շուրջ 374 անուն գիրք:
Հրատարակչական բաժնի կողմից աչքի են ընկնում հատկապես աղոթագրքերի, քարոզգրքերի, Սուրբ Գրքի մեկնողական և թարգմանական, բարոյագիտական, վարքաբանական, հուշագրական, արխիվային նյութերի ժողովածուների, կրոնա-եկեղեցական ուսումնասիրությունների, ինչպես նաև «Արարատի ժառանգություն» և «Վավերագրեր Հայ Եկեղեցու պատմության» մատենաշարերի հրատարակությունները: Հրատարակվող գրքերը տպագրվում են բացառապես հրատարակչական խորհրդի երաշխավորությամբ:
Մայր Աթոռի հրատարակչությունը նաև համակարգում է 1944 թվականից առ այսօր տարեկան 12 համարով հրապարակվող «Էջմիածին» կրոնագիտական-հայագիտական ամսագրի և 1997 թվականից հրապարակվող «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթի խմբագրությունների աշխատանքները:
«Էջմիածին» ամսագիր։ «Էջմիածին»-ը Մայր Աթոռի պաշտոնական ամսագրի՝ «Արարատ»-ի արժանի ժառանգորդը, ավանդության պահպանողն ու շարունակողն է։ «Արարատ» ամսագիրը հրատարակվել է 1868-ի մայիսի 1-ից մինչև 1919 թվականը և նշյալ ժամանակաշրջանում եղել է Կովկասում հրատարակվող առաջին գիտական պարբերականը: Մայր Աթոռի պաշտոնական ամսագիրը նպաստել է հայագիտության, լեզվաբանության, գրականագիտության, աստվածաբանության, եկեղեցագիտության զարգացմանը, կարևոր դերակատարում է ունեցել հայ ժողովրդի հասարակական, մշակութային ու հոգևոր կյանքում: Ուստի, «Էջմիածին» ամսագիրը փորձում է հավատարիմ մնալ ժառանգած սկզբունքներին՝ իր ավանդը ներդնելով աստվածաբանական մտքի և հայագիտության զարգացման գործում։
«Էջմիածին» ամսագրում հրատարակվում են կրոնագիտական ու աստվածաբանական բնույթի հեղինակային արժեքավոր հոդվածներ և ուսումնասիրություններ։ Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում աստվածաբանական թարգմանական նյութերը, որոնք ընթերցողին հնարավորություն են ընձեռում ծանոթանալու նաև քրիստոնեական մյուս Եկեղեցիների դավանաբանական ու ծիսական առանձնահատկություններին։
Մայր Աթոռի պաշտոնական ամսագրում տպագրվում են արժեքավոր վավերագրեր և միջնադարյան անտիպ բնագրեր, մեկնություններ, գիտական կարևոր ուսումնասիրություններ։
Ազգային մշակութային արժեքները վերագնահատելու տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն եկեղեցական վիմագրությանը, մանրանկարչությանը, որմնանկարչությանը, խորանային վարագույրներին, եկեղեցական սպասքին, հոգևորականների հանդերձներին, հնագիտական պեղումներին վերաբերող հոդվածները։
Հատկապես հատուկ ուշադրության են արժանանում հայագիտական, պատմաբանասիրական, գրականագիտական, արվեստաբանական, ազգագրական նյութերի հրապարակումները։ Գիտական արժեքավոր հոդվածները նորովի են վերլուծում և դիտարկում շատ հարցեր, լույս սփռում բազմաթիվ խնդիրների վրա։
Պարբերաբար տպագրվում են հայրապետական կոնդակներն ու օրհնության գրերը, Հայոց Հայրապետի շնորհավորական ուղերձները, հոգևորականների քարոզները։
«Էջմիածին» ամսագրում հրապարակվում են նաև ծիսագիտությանը, տոմարագիտությանը, հայ եկեղեցական իրավունքին վերաբերող ծանրակշիռ ուսումնասիրություններ:
Ամսագրի «Գրախօսութիւն և մատենագիտութիւն» բաժնում հրապարակվում են նորագույն հրատարակություններին և հեղինակային մենագրություններին, գիտական աշխատություններին, միջնադարյան անտիպ ձեռագրերին, հիշատակարաններին վերաբերող հետաքրքիր դիտարկումներ:
Մայր Աթոռի պաշտոնական ամսագիրը հանգամանորեն անդրադարձել է ազգային-եկեղեցական նշանակալի իրադարձություններին, Հայոց ցեղասպանության 100-ամյակին, Մեծ եղեռնի նահատակների սրբադասման արարողություններին, Գևորգյան հոգևոր ճեմարանի 140-ամյա հոբելյանին և այլն: Աներկբա է նաև, որ «Էջմիածին» ամսագիրը արխիվային նյութերի մի անփոխարինելի շտեմարան է։
«Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթը հրատարակվում է 1997 թվականից:
Մայր Աթոռի պաշտոնական թերթի խմբագրությունը տարեկան լույս է ընծայում 24 համար: Երկշաբաթաթերթում պարբերաբար հրատարակվում են կրոնագիտական, պատմագիտական, գրականագիտական, արվեստաբանական արժեքավոր հոդվածներ, որոնք լիովին համապատասխանում են գիտական չափորոշիչներին: Ուշագրավ են նաև բարոյահոգեբանական և հրապարակախոսական, ինչպես նաև ճանաչողական բնույթի նյութերը:
«Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթում հրապարակվում են նաև Հայ Եկեղեցու հայրերին և վարդապետներին ներկայացնող բովանդակալից նյութեր, հայ սրբերի ու սրբուհիների վարքագրություններից հատվածներ, սրբատեղիներին, եկեղեցիներին և վանական համալիրներին նվիրված կարևոր հոդվածներ:
Երկշաբաթերթում տպագրվում են թարգմանական նյութեր` քարոզներ, մեկնություններ, փիլիսոփայական բնագրեր, որոնք ընտրելիս խիստ ուշադրություն է դարձվում Հայ Եկեղեցու վարդապետությանը, դավանաբանությանն ու ծիսապաշտամունքային սկզբունքներին չհակասելու հանգամանքին:
«Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթում տպագրվում են հայրապետական կոնդակներն ու օրհնության գրերը, տարբեր առիթներով ասված ուղերձներն ու պատգամները, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի, ինչպես նաև թեմերի տրամադրած լրատվությունը: Անդրադարձ է կատարվում նաև Հրատարակչական բաժնի լույս ընծայած գրքերին:
Առանձնակի արժեք ու կարևորություն ունեն երկշաբաթաթերթի բացառիկ համարները` նվիրված Մեծ եղեռնի հիշատակության 100-ամյակին, Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին, Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյաններին և այլն:
Մայր Աթոռի պաշտոնական մամուլն ու հրատարակչությունը գտնվում են Վեհափառ Հայրապետի հոգածության և ուշադրության կենտրոնում:
Տնօրեն՝ Տ. Արարատ քահանա Պողոսյան
Հեռ.՝ (+374 10) 517-271
Հրատարակչական բաժնի էլ․ հասցե [email protected]
Կայք՝ www.etchmiadzinlibrary.am
Ամսագրի էլ․ հասցեն [email protected]
Թվային արխիվ՝ www.flib.sci.am
Երկշաբաթերթի էլ․հասցեն [email protected]
Թվային արխիվը՝ www.krishayas.wordpress.com