Սուրբ Պատարագի խորհուրդը Վերջին ընթրիքի ժամանակ հաստատեց Հիսուս Քրիստոս: Նրա զոհաբերության խորհուրդն է Պատարագը, որով ամեն հավատացյալ հոգով վերապրում է Նրա տառապանքը և Նրա անսահման սերը մարդկանց հանդեպ, որոնց համար Ինքը զոհվեց։ Սուրբ Պատարագը Սիրո խորհուրդն է, որովհետև դրանով Հայր Աստված սրբագործված հացն ու գինին Ս. Հոգու ներգործությամբ վերածում է Իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը՝ դրանք բաշխելով ու ճաշակողներին միավորելով Իր հետ։
Պատարագի արարողության գիրքը կոչվում է Պատարագամատույց կամ Խորհրդատետր։ Պատարագի արարողության կարգը առաջին երեք դարերում ընդհանուր էր բոլոր քրիստոնեական եկեղեցիներում։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Կեսարիայից բերելով Բարսեղյան պատարագամատույցը, այն ավանդեց Հայ Եկեղեցուն։ Ժամանակի ընթացքում այդ պատարագամատույցը հայացվել և մշակվել է Հայ Եկեղեցու հայրերի կողմից և այսօր էլ օգտագործվում է մեր եկեղեցում։ Սուրբ Պատարագի արարողությունը, ըստ հայոց Պատարագամատույցի, բաժանվում է հետևյալ մասերի.
Ա. Պատրաստություն,
Բ. Ճաշու պաշտոն,
Գ. Կանոն Սբ Պատարագի,
Դ. Արձակում։
Պատարագին մասնակցող գլխավոր դերակատարները պատարագիչ քահանան, սարկավագը և դպիրներն են։ Դպիրները ներկայացնում են ժողովրդին, և այն, ինչ երգում են, արվում է ժողովրդի անունից, լինի դա պատասխան, թե գոհունակության արտահայտություն, թե խնդրանք։ Պատարագիչ քահանայի և ժողովրդի, այսինքն՝ դպիրների միջև միջնորդը սարկավագն է՝ քահանայի օգնականը և սպասավորը։
Ա. ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ
Զգեստավորում, լվացում: Սբ Պատարագի առաջին՝ Պատրաստության մասը սկսվում է զգեստավորման արարողությամբ։ Քահանայի ավանդատուն մտնելը, նախկին հանդերձները հանելը և ավելի պայծառները հագնելը խորհրդանշում է հին, մեղավոր մարդուց մերկանալը, նորը՝ Քրիստոսին հագնելը և սրբությամբ ու արդարությամբ նորոգվելը։ Խույրը խորհրդանշում է իմաստության պսակը և փրկության սաղավարտը, քահանայի ուրարը՝ Քրիստոսի Ավետարանի լուծը, որը քահանան պատրաստվում է կրել։ Պատարագիչը խորհրդի կատարման ժամանակ գլուխը չի ծածկում, այլ պաշտամունքը մատուցում է բաց գլխով, որը խորհրդանշում է պատարագիչ հոգևորականի համարձակությունը և սրտի պարզությունը։ Իսկ խորհրդին մասնակցող մյուս հոգևորականները՝ եպիսկոպոսները, աբեղաները, քահանաները, գլուխները ծածկում են, որովհետև Խորհրդի կատարման ժամանակ հարկ է բոլոր զգայարանները ծածուկ պահել։
Դպիրները, «Խորհուրդ խորին» շարականը երգելով, քահանայի և սարկավագի հետ գալիս են բեմի առաջ, և քահանան լվանում է ձեռքերը՝ ծածուկ աղոթելով (սաղմոս ԻԵ)։ Լվացումը խորհրդանշում է մեղքերից մաքրվելը, որից հետո միայն կարելի է բարձրանալ Սուրբ Սեղան։
Խոստովանություն: Լվացումից հետո քահանան, դառնալով դեպի ժողովուրդը, Աստվածածնի բարեխոսությամբ հրապարակայնորեն խոստովանում է իր մեղքերը։ Այս օրինակով էլ ժողովուրդը մինչև հաղորդվելը պարտավոր է մաքրվել՝ խոստովանել իր մեղքերը, և ապա՛ միայն ճաշակել։
Նախամուտ: Խոստովանելուց հետո պատարագիչը սաղմոսերգությամբ բարձրանում է բեմ. մեծ վարագույրը փակվում է, և դպիրները երգում են հոգևոր մեղեդի կամ օրվան պատշաճ տաղը, իսկ քահանան ընթերցում է Նարեկացու աղոթքը, որն ուղղված է Սուրբ Հոգուն։ Այս աղոթքով քահանան հայցում է Սուրբ Հոգու օգնությունը՝ Խորհուրդը կատարելու։ Վարագույրի փակվելը խորհրդանշում է մեղքի պատճառով մարդկանց և Աստծու միջև բաժանումը։
Առաջադրություն: Աղոթքից հետո քահանան գնում է ընծայարան, որտեղ սարկավագի ձեռքից վերցնելով նվիրական հացը կամ նշխարը՝ դնում է մաղզմայի վրա և գինին խաչաձև լցնում սկիհի մեջ։
Այնուհետև Ոսկեբերանի աղոթքով (Տէր Աստուած մեր) քահանան դիմում է Հայր Աստծուն ու աղոթքի ավարտին սկիհը ծածկում քողով։ Սկսվում է խնկարկությունը։
Բ. ՃԱՇՈՒ ՊԱՇՏՈՆ
Քահանան բուրվառով խնկարկում է Սուրբ սպասը և այդպես գալիս Սուրբ Սեղանի առաջ: Խնկարկում է (վարագույրը բացվում է) ու իջնում բեմից՝ թափորով շրջելով ժողովրդի մեջ, այնուհետև կրկին բարձրանում բեմ («Աշխարհագալոց»)։ «Աշխարհագալոցը» խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մարդեղացումը, մեր բնությանը հաղորդ լինելը, Ավետարանի անուշահոտ բուրմունքի տարածումը (խնկարկություն), իսկ դարձյալ բեմ ելնելը՝ երկինք բարձրանալը։
Ժամամուտ: Այստեղ քահանան փոխարինում է Քրիստոսին, և սարկավագը «0րհնեա՛ տէր» ասելով` նրանից աստվածային օրհնությունն է հայցում, իսկ «և ևս խաղաղութեան» աղոթքով խնդրում այն երկնային խաղաղությունը, որը Հիսուսը խոստացավ Իր աշակերտներին (Հովհ. ԺԴ)։
Որպես այդ խնդրանքի պատասխան՝ քահանան բարձրաձայն արտասանում է «Տէր Աստուած մեր» աղոթքը, և դպիրներն ըստ տոնացույցի երգում են օրվա սաղմոսն ու շարականը։
Երեքսրբյան փառաբանություն: Սրան հաջորդում է քահանայի ծածուկ աղոթքը, ուր նա հրեշտակային դասի աջակցությունն է խնդրում՝ իր սպասավորությունը կատարելու, որից հետո Ավետարանը բարձրացնելով՝ ի տես ժողովրդի տալիս է սարկավագին, ով աջակողմյան դասից ձախակողմյանն է անցնում, որի ընթացքում դպիրները երգում են «Երեքսրբեանը»` Սուրբ Աստուած, սուրբ և հզօր, սուրբ և անմահ...։ Սարկավագի այս անցումը ժողովրդին ուշադրության հրավիրելու նպատակն ունի, որովհետև սկսվելու է Ավետարանի ընթերցումը։ Այդ ընթացքում շարժվում են քշոցները, ինչը խորհրդանշում է հրեշտակների բոլոր դասերի ներկայությունը, ինչպես քահանան խնդրել էր իր ծածուկ աղոթքում։ «Երեքսրբեանի» ժամանակ քահանան իր ծածուկ աղոթքով (Աստուած Սուրբ, որ ի սուրբս) վկայում է մարգարեների կանխասացությունը, ովքեր տեսան Աստծուն, Ով փառաբանվում էր սերովբեների և քերովբեների կողմից, և դրա նմանությամբ էլ քերովբեական այս երգն ուղղվում է Աստծուն։
«Երեքսրբեանից» հետո սկսվում է սարկավագի «համաշխարհական քարոզը», ուր նա Տիրոջից խաղաղություն է խնդրում՝ վերին խաղաղությունը, և այդ կարգով էլ՝ վերից ներքև, խաղաղություն խնդրում աշխարհի, կաթողիկոսի, եպիսկոպոսների, հոգևորականների, ժողովրդի համար։ «Համաշխարհականի» վերջում սարկավագը հիշում է ինչպես ապրողներին, այնպես էլ ննջեցյալներին, որով և այս զորախմբին են միանում նաև ննջեցյալները, ովքեր անբաժան են Եկեղեցուց։
Ընթերցանություն: Սկսվում է ընթերցանության պահը, երբ հատվածներ են կարդացվում մարգարեական գրքերից և առաքելական թղթերից, իսկ վերջում՝ Ավետարանից, քանի որ ինչպես մարգարեները մարգարեացան Հիսուսի աշխարհ գալը, այդպես էլ առաքյալները վկայեցին և ականատես եղան մարգարեության իրականացմանը, իսկ Ավետարանը դարձավ այդ ամբողջի՝ Մարգարեների և Օրենքի լրումը:
Այնուհետև սարկավագը շրջվում է դեպի Սուրբ Սեղան և Ավետարանը բարձրացրած՝ ասում է հավատի խոստովանությունը՝ «Հաւատամքը», իսկ ժողովուրդը ձեռնամած հետևում է՝ ցածր ձայնով կրկնելով այն։
Սարկավագը շարունակում է Աստծուց խնդրել ընդունել մեր աղաչանքները, իսկ քահանան իր ծածուկ աղոթքի մեջ Հիսուս Քրիստոսից խնդրում է, որ Նա Իր մեծ ողորմությամբ մեզ մասնակից դարձնի աստվածային պարգևներին և ների մեր մեղքերը։ Նույնը պատարագիչ քահանայի համար դպիրներն են խնդրում՝ ասելով. «և ընդ հոգւոյդ քում»։
Գ. ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻ ԿԱՆՈՆԸ
Վերաբերում: Քահանան հանում է սաղավարտը, որը խորհրդանշում է, թե մինչ այդ նա իր մեջ կրում էր Հիսուսի իշխանական փառքը, իսկ հիմա մտնում է ծառայական կերպի մեջ, սպասավոր դառնում աստվածային փրկարար Խորհրդին։ Եվ եթե մինչ այս քահանայի աղոթքներն ուղղված էին Քրիստոսին, ապա սկսած այս պահից՝ հիմնականում ուղղվում են Հայր Աստծուն՝ իբրև գործակից խնդրելով Սուրբ Հոգի Աստծուն, որովհետև Որդին Աստված՝ Քրիստոսը, պատարագվում է Սուրբ Սեղանի վրա։
Այստեղ սարկավագը բարձր ձայնով ասում է «Մի ոք յերախայից»-ը՝ դուրս հրավիրելով հավատի մեջ տկարներին, երախաներին, այսինքն՝ չմկրտվածներին և նրանց, ովքեր պատրաստ չեն մասնակցելու սրբազան խորհրդին։ Սրան հետևում է «Մարմին տէրունական» երգը, որով դպիրները, այսինքն՝ ժողովուրդը, խոստովանում են, որ հավատում են Տերունական Մարմնի և Փրկչական Արյան՝ Սուրբ Սեղանի վրա գտնվելուն։
Այնուհետև սարկավագը խնկարկում է Սուրբ Սեղանին և գնում Խորհրդանոց. հնչում են քշոցները, դպիրները երգում են օրվան համապատասխան սրբասացությունը՝ երգը, իսկ քահանան ծածուկ աղոթքով բազկատարած խնդրում է, որ Աստված զորացնի իրեն՝ Ընծաները մատուցելու և խորհուրդը կատարելու։ Աղոթքից հետո քահանան մի քայլ հեռանում է Սուրբ Սեղանից և սպասում սարկավագի ձեռքից Ընծաներն ընդունելուն։
Քահանան, ընդունելով Ընծաները, դնում է Սեղանի վրա, անմիջապես մատների ծայրերը լվանում։ Այս լվացումը կատարվում է Վերջին ընթրիքի լվացման օրինակով և մեզ կրկին թելադրում հաղորդվելուց առաջ մեղքերից մաքրվել։
Ողջույն: Սարկավագը քարոզում է, որ ինչպես քահանան լվացվեց, նմանապես և ժողովուրդը Սուրբ Սեղանի առաջ անթերի, կատարյալ հավատով պատրաստվի հաղորդվելու։ Քահանան ծածուկ աղոթում է (Տէր Աստուած զօրութեանց), որ Աստված ընդունի Ընծաները և Միածնի Մարմինն ու Արյունը ճաշակողների համար մեղքերի թողության դեղ լինեն։
Այս աղոթքից հետո սարկավագը հրաման է տալիս. «Ողջո՛յն տուք միմեանց ի համբոյր սրբութեան», և սկսվում է ողջույնի պահը։ Մեր Եկեղեցում սրբության համբույրը փոխանցում են աջ և ձախ այտերն իրար մոտեցնելով, իսկ ովքեր պատրաստ չեն հաղորդվելու, դուրս են հրավիրվում՝ այնտեղ աղոթելու: Այս պահին քահանան սկիհի քողը կիսով չափ բացում է, որպեսզի երևա ընծան՝ նշխարը, և ասում. «Ողջո՛յն Քեզ, Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ», որին հետևում է սարկավագի պատասխանը. «0րհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի», և դպիրները երգում են «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ» երգը։ Նույն խոսքերով էլ հավատացյալները ողջույնը փոխանցում են իրար։
Սրբասացություն: Ողջույնին հետևում է սրբասացության արարողությունը, երբ սարկավագը զգուշացնում է երկյուղով կանգնել, քանի որ մոտ է հաղորդության պահը, և Աստծու Գառը մեր փրկության ու մեղքերի համար պետք է պատարագվի Սուրբ Սեղանի վրա։ Այնուհետև հետևում է «Զդրունս, զդրունս...» զգուշացնող հրամանը, որով կոչ է արվում փակել մեր մտքի, սրտի, խորհուրդների դռները և կենտրոնանալ միայն փրկագործության խորհրդի վրա, ինչպես նաև փակել եկեղեցու դռները, որպեսզի քիչ առաջ դուրս հրավիրվածները ներս չմտնեն։ Այս ընթացքում քահանան ծածուկ աղոթում է (Արժան է ստուգապէս) և փառաբանում Հորը, որ փրկագործության տնօրինությամբ մեզ երկնայինների հոգևոր պարին մասնակցելու արժանացրեց։ Ուստի սերովբեների և քերովբեների հետ միաձայն համարձակ երգում ենք. «Սուրբ, սուրբ, սուրբ...»։ Եսայի մարգարեի այս խոսքը հրեշտակների երգն է, ուր նրանք փառաբանում են Աստծուն (Եսայի Զ 3)։
Սրբասացության ընթացքում քահանան բազկատարած ծածուկ աղոթում է Հայր Աստծուն՝ փառաբանելով Նրան, որ երբեք չանտեսեց մարդուն և նրա մեղքերը քավելու ու սրբելու համար Իր Որդուն աշխարհ ուղարկեց։ Ապա հիշում է Հիսուսի կյանքը, փրկագործությունը, Վերնատան ընթրիքը։
Աղոթքից հետո քահանան բացում է սկիհը, վերցնում նշխարը և բարձրաձայն ասում. «Առէ՛ք, կերէ՛ք, այս է Մարմին Իմ...»։ Այնուհետև բարձրացնում է սկիհը և ասում. «Արբէ՛ք ի սմանէ ամենեքեան, այս է Արիւն Իմ...», որից հետո սկիհը, մաղզմայի վրա դնելով, քողով ծածկում է և ծածուկ աղոթում՝ հիշելով, որ Միածնի պատվերով է Մարմինն ու Արյունը բերում Սեղանին՝ Հոր առաջ, և աղոթքի վերջում, Ընծաները փոքր ինչ բարձրացնելով, մատուցում է Հորը և ասում. «և զՔոյս ի Քոյոց Քեզ մատուցանեմք...»։ Այսինքն՝ Հիսուսը՝ Քո Որդին, որ Քեզանից է և Քոնն է, Քո կամքով եկավ աշխարհ, և այժմ էլ նույն Հիսուսին Քեզ ենք ընծայում՝ բոլորիս փրկության համար։
Այդ ժամանակ դպիրները երգում են «Յամենայնի օրհնեալ ես» երգը, որից հետո քահանան ծածուկ աղոթում է և երեք անգամ օրհնում Հացը, երեք անգամ՝ Գինին, և երեք անգամ՝ Հացն ու Գինին միասին՝ նույն բառերով։
Եթե մինչ այս հացն ու գինին խորհրդանշում էին Հիսուսի Մարմինն ու Արյունը, ապա այս պահից, երբ Սուրբ Հոգին իջնելով սրբագործում է Ընծաները, դրանք ճշմարտապես են դառնում Նրա Մարմինն ու Արյունը։
Հիշատակություն: Սրանից հետո քահանան ծածուկ աղոթում է՝ խնդրելով, որ սրբագործված Ընծաների միջոցով Աստված սեր, հաստատություն և ցանկալի խաղաղություն շնորհի ամբողջ աշխարհին, Սուրբ Եկեղեցուն, հոգևորականներին, թագավորներին, ժողովրդին: Այնուհետև սկսվում է հիշատակությունների շարքը, ուր հիշվում են Սուրբ Աստվածածինը, Սուրբ Հովհաննես Մկրտիչը, Սուրբ Ստեփանոս Նախավկան և ուրիշ սրբեր։ Հիշատակումների այս շարքը խորհրդանշում է զինվորյալ (ապրողների) և հաղթական (ննջեցյալների) եկեղեցիների միությունը։ Հիշատակումների ժամանակ սարկավագներն անցնում է խորանի աջ կողմը, որը խորհրդանշում է սրբերի աջակողմյան՝ վերին դասին պատկանելը։
Երբ ավարտվում է հիշատակությունների շարքը, սարկավագներն անցնում են Սեղանի ձախ կողմը՝ հիշելու արդեն զինվորյալներին՝ կենդանի հավատացյալներին, քանի որ աջ կողմը խորհրդանշում է սրբերի ժողովը, իսկ ձախը՝ ապրող հավատացյալների։
Մեր Եկեղեցում ընդունված կարգի համաձայն՝ այս պահին արարողությունն ընդհատվում է, և պատարագիչը կամ որևէ բարձրաստիճան հոգևորական սկսում է քարոզել ժողովրդին՝ ըստ օրվա նյութի կամ սուրբգրային որևէ բնաբանի։
Քարոզխոսության ավարտից հետո քահանան բարձրաձայն ասում է «և տուր մեզ համարձակաձայն բարբառով...» աղոթքը, և ժողովուրդը, որպես խնդրանքների փակում, արտասանում է «Հայր մեր»-ը։
Ճաշակում: Ժողովուրդը ծնկի է գալիս, իսկ քահանան, գլուխը խոնարհելով, սկիհի առաջ ծածուկ աղոթում է Սուրբ Հոգուն (Խոնարհման աղօթք)՝ խնդրելով, որ Աստված ողորմի այս խոնարհված ժողովրդին։ Հետևում է սարկավագի կոչը՝ «Պռօսխումէ», որով ուշադրության է հրավիրում խոնարհված ժողովրդին` տեսնելու Տերունական Մարմինը: Եվ այդ պահին քահանան, Սուրբ Մարմինը բարձրացնելով, ասում է. «Ի Սրբութիւն սրբոց», այսինքն՝ ահա սուրբերի սրբությունը՝ Սուրբ Մարմինը, որին փափագում ենք հաղորդվել։ Այնուհետև հետևում են քահանայի օրհնությունները և աղոթքը՝ արժանի լինելու այդ Մարմնին և Արյանը։ Քահանան համբուրում է Սեղանը և Սուրբ Մարմինն ընկղմում Արյան մեջ, ապա վեր բարձրացնելով՝ շրջվում դեպի ժողովուրդը, խաչակնքում նրան և հետ շրջվելով՝ Սրբությունը դնում Սեղանի վրա: Վարագույրը փակվում է։ «Տէր ողորմեա»-ի պահն է. ժողովուրդը ծնկի է գալիս, քահանան ծածուկ աղոթում է վարագույրի հետևում, Սուրբ Հացը՝ նշխարը, չորս մասի բաժանում և թողնում սկիհի մեջ՝ ասելով՝ «Լրումն Հոգւոյն Սրբոյ»։ Ապա շարունակում է ծածուկ աղոթքը՝ խնդրելով, որ Աստված իրեն` պատարագչին, և ժողովրդին արժանի դարձնի Մարմնին ու Արյանը հաղորդվելուն։
Քահանան հաղորդվում է, այնուհետև վարագույրը բացվում է, և արժանավորները, մոտենալով Սուրբ Խորանին, հաղորդվում են` Սրբությունն առանց ծամելու կուլ տալով։
Դ. ԱՐՁԱԿՈՒՄ
Գոհություն: Ժողովրդին հաղորդություն տալուց հետո քահանան վերադառնում է դեպի Սուրբ Սեղան, վարագույրը կրկին փակվում է, և պատարագիչ քահանան ճաշակում է սկիհի մեջ մնացած Մարմինն ու Արյունը, մաքրում սկիհը, սրբում և սքողում՝ գոհություն հայտնելով Սուրբ Երրորդությանը՝ Հայր Աստծուն, Որդի Աստծուն և Սուրբ Հոգի Աստծուն։ Գոհաբանական աղոթքին միանում են նաև դպիրները, այսինքն` ժողովուրդը։ Աղոթքից հետո քահանան լվանում է ձեռքերը, սաղավարտը դնում գլխին և իր սպասավորությունն արդեն ավարտած լինելով՝ պատրաստվում հեռանալ Սուրբ Սեղանից։
Այստեղ վարագույրը բացվում է, և քահանան վերջին անգամ երկրպագում է Սուրբ Սեղանի առաջ, վերցնում Ավետարանը և հարավային՝ ձախ կողմով իջնում բեմից՝ արտասանելով «Որ օրհնես...» աղոթքը։
Ինչպես քահանան արարողության սկզբում սաղավարտը գլխին բեմ բարձրացավ, այդպես էլ պիտի իջնի, քանի որ քահանան Քրիստոսի օրինակն է, իսկ Քրիստոսն ինչպես երկինք բարձրացավ, այդպես էլ պիտի վերադառնա՝ դատելու մարդկանց՝ ըստ իրենց գործերի:
Սուրբ Պատարագի բուն խորհուրդն արդեն ավարտված է, սակայն ժողովրդին արձակելուց առաջ պատարագիչը դարձյալ ընթերցում է Ավետարանը (Հովհ. Ա 1–14), որից հետո ժողովուրդը «Պահպանիչ» աղոթքով օրհնվում ու «Օրհնեալ եղերուք» մաղթանքով արձակվում է։