Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին անբաժան մասն է Տիեզերական, Մի, Սուրբ, Ընդհանրական և Առաքելական Եկեղեցու:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Քրիստոսի կենդանի մարմինն է, հայ ժողովրդի ազգային Եկեղեցին։
Հայ Եկեղեցին Հին Արևելյան Ուղղափառ հինգ Եկեղեցիներից մեկն է` հիմնադրված առաջին դարում Հիսուս Քրիստոսի երկու առաքյալների` Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղիմեոսի կողմից: Հայ Առաքելական, Ղպտի Ուղղափառ, Ասորի Ուղղափառ, Հնդիկ Մալանկարա և Եթովպական Եկեղեցիներն ունեն նույն դավանաբանությունը և համարվում են քույր Եկեղեցիներ։
Չորրորդ դարի սկզբին Հայաստանը դարձավ առաջին պետությունը, որը քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն՝ շնորհիվ համաքրիստոնեական մեծագույն սուրբ, հայոց առաջին հայրապետ Ս․ Գրիգոր Լուսավորչի քարոզչության և Ս․ Տրդատ Գ արքայի հրամանի: Լինելով քրիստոնեական, ազգային և հնագույն Եկեղեցի՝ ավելի քան երկու հազարամյակ, հետևում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի վարդապետությանը, սուրբ առաքյալների, շնորհընկալ սրբերի ու եկեղեցական հայրերի ուսուցումներին:
Հայ Եկեղեցին Մի է, քանի որ մեր Տեր Հիսուս Քրիստոս հիմնեց մի Եկեղեցի: Հիմնադրված լինելով Հիսուս Քրիստոսի կողմից` Եկեղեցին ունի մե՛կ հավատք, մե՛կ նվիրապետություն: Հայ Եկեղեցին մի է Տիրոջ մեծ Եկեղեցու հետ. այն ընդունում և պահպանում է Ընդհանրական Եկեղեցու հավատամքը, վարդապետությունն ու առաքելությունը, ինչպես որ մեկ անգամ տրվեց առաքյալներին և սահմանվեց առաջին երեք` Նիկիայի (325 թ.), Կոստանդնուպոլսի (381 թ.) և Եփեսոսի (431 թ.) տիեզերական ժողովներով: Հայ Եկեղեցին մի է` աշխարհի ամեն մի ծագում սփռված շուրջ տասը միլիոն հավատացյալներով:
Հայ Եկեղեցին Սուրբ է, քանի որ մեր Տեր Հիսուս Քրիստոս այն սրբացրեց: Հայ Եկեղեցին բազում Սրբեր է տվել: Նրանցից շատերը նահատակվել են հանուն Հիսուս Քրիստոսի:
Հայ Եկեղեցին Ընդհանրական Եկեղեցու մաս է կազմում, քանի որ բաժանում է Քրիստոսի մեծ Եկեղեցու ընդհանրությունը և շարունակում է գոյություն ունենալ՝ չնայած դարերի ընթացքում բաժին ընկած մեծ դժվարություններին:
Հայ Եկեղեցին Առաքելական է, քանզի ուղղակիորեն հիմնվել է երկու առաքյալների` Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղիմեոսի կողմից, որոնք և ձեռնադրեցին հայ առաջին եպիսկոպոսներին:
Հայ Եկեղեցին Ուղղափառ է, քանի որ ունի Քրիստոսի ճշմարիտ հավատքը:
Հայ Եկեղեցու գլուխը Հիսուս Քրիստոսն է, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոս և ծայրագույն Պատրիարքը ողջ հայության հոգևոր առաջնորդն է թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում:
Հայ Եկեղեցու հոգևոր ու վարչական կենտրոնը 4-րդ դարասկզբին Վաղարշապատում հիմնադրված Մայր Աթոռն է, որը տասնյոթ դար անց էլ շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը՝ առաջնորդել հավատավոր ժողովրդին դեպի հոգեփրկություն, և կատարել լ ազգապահպան գործունեություն։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին աշխարհի բազմաթիվ երկրներում ունի եկեղեցական կառույցներ ու թեմեր, հստակ կառուցվածք:
Հայ Առաքելական Եկեղեցին ունի վարչական հետևյալ կառուցվածքը.
ա. Կաթողիկոսություն Ամենայն հայոց (Սուրբ Էջմիածին),
բ. Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո (Անթիլիաս, Լիբանան),
գ. Երուսաղեմի հայոց պատրիարքություն,
դ. Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն,
ե. Թեմական առաջնորդություններ և հայրապետական պատվիրակություններ,
զ. Վանական միաբանություններ,
է. Համայնքային (ծխական) հովվություններ:
Հայ Եկեղեցու նվիրապետությունն ունի հոգևոր երեք հիմնական աստիճան՝ սարկավագ, քահանա և եպիսկոպոս։ Սրանցից զատ՝ Հայ Եկեղեցում առանձին նշանակություն ունեն կաթողիկոսական ձեռնադրությունը և օծումը։
ա․ Սարկավագությունը եկեղեցականի առաջին հոգևոր աստիճանն է (սարկավագ նշանակում է սպասավոր. հուն.` diakon), այդ իսկ պատճառով այն շնորհվում է Սուրբ Պատարագի ընթացքում` հատուկ եկեղեցական խորհրդակատարությամբ` ձեռնադրությամբ (ձեռքը գլխին դնելու միջոցով): Մինչ Սուրբ Պատարագի, ծիսակատարությունների և ժամասացությունների ընթացքում օծյալ եկեղեցականներին սպասավորելը՝ առաջին դարում սարկավագները ծառայում էին համայնական պետքերին:
Բացի վերոնշյալից՝ սարկավագները համարվում են նաև եպիսկոպոսների սպասավորներ և ունեն եկեղեցական կանոններով ամրագրված մի շարք իրավունքներ: Նկատի առնենք, որ թեև սարկավագը ձեռնադրվում է եպիսկոպոսի կողմից, այնուամենայնիվ նրան օծում դեռևս չի շնորհվում, ուստի սարկավագը չունի խորհրդակատարելու (մկրտելու և դրոշմելու, պսակելու, պատարագելու և այլն) իրավունք:
Սարկավագին տարբերակող հանդերձը ծիսակատարության ժամանակ ուրարն է ձախ ուսին` ի նշան պատրաստակամության` կրելու Քրիստոսի լուծի կեսը:
բ. Քահանայությունը նվիրապետության հիմնական կարգն է: Քահանան պետք է սպասավորի հավատացյալներին, մատուցի Սուրբ Պատարագ, կատարի Եկեղեցու խորհուրդները, ծեսերն ու արարողությունները: Քահանան իր իշխանությունը ստանում է եպիսկոպոսից՝ ձեռնադրության և Սուրբ Մյուռոնով օծման միջոցով: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում կան ամուսնացյալ և կուսակրոն քահանաներ: Այրիացյալ քահանան կարող է դառնալ կուսակրոն (շուշտակ վարդապետ) կամ երկրորդ անգամ ամուսնանալ: Ամուսնացած քահանան կարող է ստանալ ավագ քահանայի կոչում, պարզ կամ վարդապետական լանջախաչ,ծաղկյալ փիլոն կրելու իրավունք: Կուսակրոն քահանան կուսակրոնության երդում է տալիս ձեռնադրության օրը՝ երեկոյան ժամերգության ընթացքում: Նրան տալիս են վեղար՝ գլխի հատուկ ծածկոց, որը խորհրդանշում է աշխարհիկ կյանքից հրաժարումը։
գ. Եպիսկոպոսությունը Հայ Եկեղեցու նվիրապետության ամենաբարձր աստիճանն է: Եպիսկոպոսը թեմի (վիճակի) կամ համայնքի հոգևոր պետն է և իրավունք ունի ձեռնադրելու, ինչպես նաև օծելու քահանաների և եկեղեցիներ: Հայ Եկեղեցում եպիսկոպոսը ձեռնադրվում և օծվում է Կաթողիկոսի կողմից: Օծելուց հետո նվիրյալի գլխին դրվում է խույրը, և կաթողիկոսը նրան տալիս է գավազան, մատանի և Ավետարան՝ իբրև կանոնական իրավասություն: Ձեռնադրության և օծման արարողությունից հետո տրվում է եպիսկոպոսական պանակե՝ հայրապետական օրհնությամբ և մաղթանքով: Եպիսկոպոսներն ընտրվում են կուսակրոն քահանաներից: Վաստակաշատ եպիսկոպոսները հայրապետական կոնդակով կարող են ստանալ արքության պատիվ:
դ. Կաթողիկոսը Հայ Եկեղեցու առաջնորդն է: Հայ Առաքելական Եկեղեցում նա ավելի բարձր է կանգնած պատրիարքներից, արքեպիսկոպոսներից և եպիսկոպոսներից: Կաթողիկոսն ընտրվում է Ազգային-եկեղեցական ժողովի կողմից՝ ցմահ: Ձեռնադրվում է 12 եպիսկոպոսների կողմից:
Վեհափառ Հայրապետը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայաստան և Արցախ աշխարհի, աշխարհասփյուռ միլիոնավոր հայերի հոգևոր առաջնորդն է, Հայ Առաքելական Ուղղափառ քրիստոնյաների Հովվապետն ու Հայրապետը:
Կաթողիկոսը մարմնավորում է Հայ Եկեղեցու իշխանությունը: Նա եկեղեցական օրենսդիր մարմնի գլուխն է: Նրա իրավասության ներքո են եպիսկոպոսների ձեռնադրությունը, Ս. Մյուռոնի օրհնությունը, տոների հռչակումը, Ազգային-եկեղեցական ժողովների գումարումն ու արձակումը, Հայ Եկեղեցու վարչական հարցերի լուծումը և թեմեր հիմնելու վերաբերյալ որոշումների կայացումը:
Հայ Եկեղեցու գիտական աստիճաններն են.
ա. մասնավոր վարդապետական աստիճաններ,
բ. ծայրագույն վարդապետական աստիճաններ:
Միայն կուսակրոն քահանան կարող է տվչությամբ ստանալ վարդապետական աստիճան: