Աղոթքները լինում են երկու տեսակ` առանձնական և ընդհանրական:
Առանձնական աղոթքը կարող է արվել ամենուր (Մատթ. Զ 6, Ղուկ. ԻԲ 4), իսկ ընդհանրական աղոթքը կատարվում է հատուկ սահմանված վայրում, այսինքն՝ եկեղեցում, որը խորհրդանշում է աղոթքների միաբանությունն ու միակամությունը:
Սուրբ Եկեղեցին է ընդհանրական աղոթքի վայրը` «Իմ Տունը աղոթքի Տուն պիտի կոչվի» (Եսայի ԾԶ 7), որովհետև եկեղեցում ասված աղոթքն առավել լսելի է Աստծուն, ինչպես գրված է` «Այժմ Իմ աչքերը բաց կլինեն ու Իմ ականջները` սուր, որ լսեմ այս տեղում կատարվող աղոթքը» (Բ Մնաց. Է 15) և կամ «Ահա ընտրեցի և սրբագործեցի այս տունը, որպեսզի Իմ անունը այստեղ լինի հավիտյան» (Բ Մնաց. Է 16):
Հայ Եկեղեցում աստվածպաշտությունը կատարվում է ամեն օր և օրվա ընթացքում մեկից ավելի անգամներ:
Ե դարում արդեն գոյություն ունեին Գիշերային, Առավոտյան, Ճաշու Երրորդ, Վեցերորդ և Իններորդ, ինչպես նաև Երեկոյան ժամերգությունները և արդեն մաս էին կազմում Հայ Եկեղեցու պաշտամունքի:
Արևագալի ժամերգությունը Է դարում Եզր Ա Փառաժնակերտցի (630-641) կաթողիկոսի կողմից առանձնացվեց Առավոտյան ժամերգությունից և դարձավ առանձին ժամերգություն: Սա է վկայում նաև Հովհան Գ Օձնեցի հայրապետը` «Եւ զկնի ամենեցուն` զԱրեւագալին նուագել սաղմոս, զոր Եղիցի անուն Տեառն ասել սկսեալ են ի ժամանակացն Եզրի կաթողիկոսի» (Կանոնագիրք Հայոց, հ. Ա, Կանոնք Տեառն Յովհաննիսի Իմաստասիրի Հայոց Կաթողիկոսի, Կանոն ԻԴ)։
Խաղաղական ժամերգությունը, որն սկզբնապես Հանգստյան ժամերգության հետ միասին կազմում էր մեկ ժամերգություն, ձևավորվել է Ը դարում, քանի որ ըստ Վարդան վրդ. Հացունու վկայության «Խաղաղականն զուրկ է բարձր հնութենէ մը. բայց Ը դարուն կար ու ծանօթ էր Ստ. Սիւնեցւոյն» (Հ. Վարդան վ. Հացունի, Հայ Ծէսը 1911 տարւոյ Ազգային Սիւնհոդոսի գործոց մէջ): Մեկ այլ տեղ Վարդան վրդ. Հացունին վկայում է, որ Խաղաղական ժամերգությունը «ծանօթ էր Սիւնեցիին, բայց ոչ Օձնեցիին» (Հ. Վարդան Հացունի, Պատմութիւն Հայոց Աղօթամատոյցին), ինչն էլ ցույց է տալիս, որ Խաղաղական ժամերգությունը ձևավորվել է Ը դարի առաջին կեսին:
Հանգստյան ժամերգությունը, որն սկզբնական շրջանում Խաղաղական ժամերգության (վերջինս կոչվում էր նաև Հանգստյան) հետ միասին կազմում էր մեկ ժամերգություն, ԺԳ դարում արդեն երևում է որպես առանձին ժամերգություն, իսկ ԺԶ դարում այն որպես հասարակաց կարգ մտնում է Ժամագրքի մեջ` «Հանգստեանը ստեղծուեցաւ ԺԳ. դարուն, եւ մնաց առանձնական մինչև ԺԶ. դար, ու հասարակաց դարձաւ» (Հ. Վարդան Հացունի, Պատմութիւն Հայոց Աղօթամատոյցին):
Այս ժամերգությունները սկզբնական շրջանում կատարվում էին ավելի պարզ ձևով, սակայն հետագա դարերում դրանք Հայ Եկեղեցու հայրապետների ու վարդապետների հեղինակած քարոզների, աղոթքների և հոգեզմայլ շարականների ու երգերի շնորհիվ ավելի ճոխացան և ստացան իրենց այսօրվա կարելի է ասել վերջնական տեսքը:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ժամերգություններն են`
1. Գիշերային Ժամերգություն: Նվիրված է Հայր Աստծուն: Ժամերգությունը կատարվում է կեսգիշերին: Կատարման ժամանակի համար որպես հիմք վերցված է Դավիթ մարգարեի հետևյալ խոսքը` «Կեսգիշերին ելնում է գոհություն մատուցելու Քեզ Քո արդար դատաստանի համար» (Սաղմ. ՃԺԸ 62), որովհետև օրը սկսվում էր գիշերով: Կարծվում է, որ ժամերգությունը կատարվել է գիշերը ժամը 3-ին: Քունն Աստծո կողմից շնորհված բարիք է և մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Աստծուն այդ բարիքի համար և խնդրում, որ մնացած գիշերն անցկացնենք խաղաղ և հանդարտ, իսկ հաջորդ օրն անցկացնենք առանց մեղքի ու փորձության:
2. Առավոտյան Ժամերգություն: Նվիրված է Որդի Աստծուն: Ժամերգությունը կատարվում է արշալույսին: Առավոտյան ժամերգության տնօրինական հիշատակն է Քրիստոսի` յուղաբեր կանանց երևալը` իր մեջ ամփոփելով նաև Հարության և Փրկագործության խորհուրդները:
3. Արևագալի Ժամերգություն: Նվիրված է Սուրբ Հոգուն: Ժամերգությունը կատարվում է արևածագին` Քրիստոսի Հարությունը նույնացվելով արևի ծագման հետ: Արևագալի ժամերգության տնօրինական հիշատակն է Քրիստոսի Հարությունը և աշակերտներին երևալը:
4. Ճաշու Երրորդ Ժամու Ժամերգություն: Նվիրված է Սուրբ Հոգու իջմանը: Ժամերգությունը կատարվում է ժամը 9-ին: Ճաշու Երրորդ ժամու ժամերգության տնօրինական հիշատակն է արգելված պտղից Եվայի ճաշակումը և Քրիստոսով դատապարտությունից ազատվելը: Ճաշու Երրորդ ժամու ժամերգությունը իր մեջ պարունակում է ապաշխարության խոր իմաստներ:
5. Ճաշու Վեցերորդ Ժամու Ժամերգություն: Նվիրված է Հայր Աստծուն: Ժամերգությունը կատարվում է ժամը 12-ին: Ճաշու Վեցերորդ ժամու ժամերգության տնօրինական հիշատակն է Քրիստոսի չարչարանքները և խաչելությունը: Այս ժամերգության ընթացքում օգնություն ենք խնդրում Աստծուց մեր մարդկային տկար բնության համար:
6. Ճաշու Իններորդ Ժամու Ժամերգություն: Նվիրված է Որդի Աստծուն: Ժամերգությունը կատարվում է ժամը 15-ին: Ճաշու Իններորդ ժամու ժամերգության տնօրինական հիշատակն է Քրիստոսի մահը` իր մեջ ամփոփելով նաև մարդկության ազատագրումը մահվան իշխանությունից:
7. Երեկոյան Ժամերգություն: Նվիրված է Որդի Աստծուն: Կատարվում է մայրամուտից առաջ: Երեկոյան ժամերգության տնօրինական հիշատակն է Քրիստոսին խաչից իջեցնելը, պատանքելը և թաղումը: Գիշերվա շեմին քրիստոնյան անցած օրվա աշխատանքից և հոգեկան ալեկոծությունից հետո խնդրում է Աստծուն, որ խաղաղ քուն և բարի գիշեր պարգևի իրեն:
8. Խաղաղական Ժամերգություն: Նվիրված է Սուրբ Հոգուն, ինչպես նաև Որդի Աստծուն: Ժամերգությունը կատարվում է մայրամուտից հետո: Խաղաղական ժամերգության տնօրինական հիշատակն է Քրիստոսի գերեզման դրվելը, դժոխք իջնելը և արդար հոգիներին խաղաղություն պարգևելը:
9. Հանգստյան Ժամերգություն: Նվիրված է Հայր Աստծուն: Ժամերգությունը կատարվում է քնելուց առաջ: Հանգստյան ժամերգության տնօրինական հիշատակն է «զի պահպանողական Աջով Միածնին պահեսցէ զմեզ ի խաւարային գիշերիս», այսինքն` այս ժամերգության ընթացքում հայցում ենք, որ Հայր Աստված Միածնի պահապան Աջով խաղաղության մեջ պահի մեզ խավար գիշերվա ընթացքում:
Այսօր, սակայն, այս բոլոր ժամերգություններն ամեն օր լրիվ չափով և իրենց ճիշտ ժամանակին չեն կատարվում և հայտնի չէ, թե արդյոք երբևէ ամբողջական ձևով, կանոնով և կամ հաջորդականությամբ կատարվե՞լ են, թ՞ե ոչ: Չնայած վստահաբար կարելի է ասել, որ հնում բոլոր այս ժամերգությունները վանքերում և անապատներում ամեն օր կատարվել են իրենց ճիշտ ժամանակին և հաջորդականությամբ:
ԳԻՇԵՐԱՅԻՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ: Նախկինում սովորություն է եղել, որ երբ կատարվել է Գիշերային ժամերգությունը, ապա զեղչվել է Արևագալի ժամերգությունը և երբ չի կատարվել Գիշերային ժամերգությունը, ապա կատարվել է Արևագալի ժամերգությունը` «Արևագալը ... կախումն ունէր Գիշերայինէն: Ուր կար վերջինս, ինք զանց կը լինէր, և անոր հակառակը» (Հ. Վարդան վ. Հացունի, Հայ Ծէսը 1911 տարւոյ Ազգային Սիւնհոդոսի գործոց մէջ): Ըստ Վարդան վրդ. Հացունու մեկ այլ վկայության Գիշերային ժամերգությունը «ի հնուց վերապահուած էր կիւրակէից և այն հանդիսական օրերուն, որոց յառաջընթաց երեկոյէն գիշերապաշտօն կամ հսկումն կը լինէր մինչև առաւօտ ...» (Հ. Վարդան վ. Հացունի, Հայ Ծէսը 1911 տարւոյ Ազգային Սիւնհոդոսի գործոց մէջ): Սակայն արդեն ԺԳ-ԺԴ դարերից սկսած փոփոխություն է մտնում զեղչվող ժամերգությունների մեջ և հենց ԺԳ-ԺԴ դարերից էլ Գիշերային ժամերգությունը դառնում է ամենօրյա:
Ներկայումս Հայ Եկեղեցում ամեն օր առավոտյան փոխնիփոխ կատարվում են Գիշերային և Առավոտյան ժամերգությունները: Որոշ եկեղեցիներում առավոտյան միասին կատարվում են Գիշերային և Առավոտյան ժամերգությունները:
ԱՌԱՎՈՏՅԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ: Առավոտյան ժամերգությունն ամենօրյա է և կատարվում է տարվա բոլոր օրերին` «Առաւօտեան ժամերգութիւնն հաստատուն է ամէն օր` ըստ բոլոր վկայութեանց» (Հ. Վարդան վ. Հացունի, Հայ Ծէսը 1911 տարւոյ Ազգային Սիւնհոդոսի գործոց մէջ):
Ներկայումս Հայ Եկեղեցում ամեն օր առավոտյան փոխնիփոխ կատարվում են Գիշերային և Առավոտյան ժամերգությունները: Որոշ եկեղեցիներում առավոտյան միասին կատարվում են Գիշերային և Առավոտյան ժամերգությունները:
ԱՐԵՎԱԳԱԼԻ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ: Արևագալի ժամերգությունը ամենօրյա չի եղել, այլ կատարվել է Սրբոց տոներին և Պահոց օրերին: Ըստ Հայր Գևորգ Հյուրմյուզ Ե Աբբա Կ. Պոլսեցու (ԺԸ-ԺԹ դդ.) կազմած Խրատք Ժամատեղեացի « ... Արևագալ ժամս ... ոչ կատարի ի բոլոր տարի, և ոչ ի շաբաթ աւուրս, եւ ի տօնս, և ի կիւրակէս, այլ միայն յայլ լուր աւուր եօթնեկին և ի պահս ...» (Խրատք Ժամատեղեաց, Շարադրեալ ի հայր Գէորգէ ի միաբանութենէ Մխիթարայ վարդապետին աբբայ հայր կոչեցելոյ): Սակայն, վերջնական խոսք ասել այս մասին դժվար է:
Ըստ Վարդան վարդապետ Հացունու Արևագալի ժամերգությունը կատարվել է այն օրերին, երբ Գիշերային ժամերգությունը չէր կատարվում, այսինքն` նախկինում սովորություն է եղել, որ երբ կատարվել է Գիշերային ժամերգությունը, ապա զեղչվել է Արևագալի ժամերգությունը և երբ չի կատարվել Գիշերային ժամերգությունը, ապա կատարվել է Արևագալի ժամերգությունը «Արևագալը ... կախումն ունէր Գիշերայինէն: Ուր կար վերջինս, ինք զանց կը լինէր, և անոր հակառակը» (Հ. Վարդան վ. Հացունի, Հայ Ծէսը 1911 տարւոյ Ազգային Սիւնհոդոսի գործոց մէջ):
Այսօրվա դրությամբ Արևագալի ժամերգությունը հիմնականում կատարվում է միայն Մեծ Պահքին (ի բաց առյալ Մեծ Պահքի Շաբաթ և Կիրակի օրերը), սկսած առաջին Չորեքշաբթի օրվանից մինչև Ղազարու Հարության հիշատակի նախորդ օրը` Ուրբաթ:
ՃԱՇՈՒ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ: Ճաշու Երեք (Երրորդ, Վեցերորդ և Իններորդ) ժամերգությունները այսօրվա դրությամբ հիմնականում կատարվում են Մեծ Պահքին (սկսած Բուն Բարեկենդանի Կիրակի օրվանից): Մեծ Պահքին Ճաշու ժամերգությունները կատարվում են նաև շաբաթվա լուր օրերին (բացի Շաբաթ օրվանից), ինչպես նաև Մեծ Պահքի կիրակի օրերին Սուրբ Պատարագից առաջ, Ավագ Շաբաթվա չորս օրերին` Ավագ Երկուշաբթի, Ավագ Երեքշաբթի, Ավագ Չորեքշաբթի և Ավագ Հինգշաբթի, ինչպես նաև Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատկի Ճրագալույցներին:
ԵՐԵԿՈՅԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ: Երեկոյան ժամերգությունը Առավոտյան ժամերգության նման ամենօրյա է և կատարվում է տարվա բոլոր օրերին: Տարվա մեջ միայն մեկ անգամ Ավագ Շաբաթ օրը Երեկոյան ժամերգություն չի կատարվում, որովհետև Երեկոյան ժամերգությունը Քրիստոսի թաղման խորհուրդն ունի: Ավագ Շաբաթ օրվա փոխարեն այն կատարվում է Ավագ Ուրբաթ օրը` Թաղման Կարգի ժամանակ:
Մեծ Պահքի ընթացքում Երեկոյան ժամերգությունը կատարվում է ցերեկը` Ճաշու երեք ժամերգություններից հետո:
ԽԱՂԱՂԱԿԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ: Խաղաղական ժամերգությունը Արևագալի ժամերգության նման տոնական օրերին չէր կատարվում` «Տօնական օրերուն` ուր Արևագալը զանց կը լինէր, Խաղաղականն եւ կը դադրէր» (Հ. Վարդան վ. Հացունի, Հայ Ծէսը 1911 տարւոյ Ազգային Սիւնհոդոսի գործոց մէջ):
Այսօր Խաղաղական ժամերգությունը հիմնականում կատարվում է Մեծ Պահքի լուր օրերին` Երկուշաբթիից Ուրբաթ:
ՀԱՆԳՍՏՅԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ: Հանգստյան ժամերգությունը ևս, Խաղաղական ժամերգության նման, կարելի է ասել, ամենօրյա չէ և կատարվում է հիմնականում Մեծ Պահքին: Հանգստյան կարգը տերունի տոներին և նախատոնակներին կատարվում է իբրև Հսկումի արարողություն` «Հանգստյան կարգը տերունի տոներին և տերունի նախատոնակներին կատարվում է իբրև Հսկումի արարողություն, այնինչ Խաղաղականը այդ օրերին լռում է (Պալյան Խ. Հ., Ժամակարգությունք Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու): Հանգստյան ժամերգությունը երբեմն կոչվում է նաև «Եկեսցէ ...»-ի կարգ` «Յետ ամենեցուն այսոցիկ ժամուց կայ մնայ մեզ խօսիլ զվերջին ժամէն կոչեցելոյ Հանգստեան ժամ ..., որ կատարի «Ի դէմս Հօր Աստուծոյե եւ կոչի` ,Եկեսցէ» ի սաղմոսէն, որ սկսանի «Եկեսցէ Տէր ի վերայ իմե եւ նաեւ կոչի ,Հանգստեան» (Խրատք Ժամատեղեաց, Շարադրեալ ի հայր Գէորգէ ի միաբանութենէ Մխիթարայ վարդապետին աբբայ հայր կոչեցելոյ):
Հանգստյան ժամերգությունը կամ Հսկման կարգը, բացի Մեծ Պահքի շրջանից, կատարվում է նաև մեծ տոների (Սուրբ Ծնունդ, Տեառնընդառաջ, Ծաղկազարդ, Սուրբ Զատիկ, Նոր Կիրակի, Հոգեգալուստ, Վարդավառ, Սուրբ Աստվածածնի Վերափոխում, Խաչվերաց) նախօրեին: Բացի վերը նշված տոներից, Հսկման կարգ կատարվում է նաև Կաթողիկոսական ու Եպիսկոպոսական ձեռնադրության և օծման օրերին կամ դրանց նախորդ օրը և մասնավորապես Սրբալույս Մյուռոնի օրհնության նախորդ օրը երեկոյան` ժամերգությունից հետո:
Հանգստյան ժամերգությունը Խաղաղական ժամերգության նման այսօր հիմնականում կատարվում է Մեծ Պահքի լուր օրերին` Երկուշաբթիից Ուրբաթ:
* * * * * * * * * * *
Արևագալի, Ճաշու Երրորդ, Վեցերորդ և Իններորդ, ինչպես նաև Խաղաղական և Հանգստյան ժամերգությունները քանի որ ամենօրյա չեն, ուստի այդ ժամերգությունների կատարման ժամանակի և ընթացիկ փոփոխությունների համար պետք է հետևել Տոնացույցի և Օրացույցի հրահանգներին:
* * * * * * * * * * *
Ներկայումս ամեն օր փոխնիփոխ կատարվում են Գիշերային և Առավոտյան ժամերգությունները` առավոտյան և Երեկոյան ժամերգությունը` երեկոյան:
Մեծ Պահքին (ի բաց առյալ Շաբաթ և Կիրակի օրերը) կատարվում են մյուս ժամերգությունները` ըստ հետևյալ կարգի.
Գիշերային, Առավոտյան և Արևագալի ժամերգությունները կատարվում են առավոտյան, իսկ Ճաշու Երրորդ, Վեցերորդ և Իններորդ ժամու ժամերգությունները կատարվում են ցերեկը: Երեկոյան ժամերգությունը (այս առթիվ Երեկոյան ժամերգության մեջ եղած «երեկո» բառերը հաճախ փոխվում են «միջօրե» բառով) ևս Մեծ Պահքին կատարվում է ցերեկը` Ճաշու Երրորդ, Վեցերորդ և Իններորդ ժամու ժամերգություններից հետո, իսկ Խաղաղական և Հանգստյան ժամերգությունները կատարվում են երեկոյան:
Շատ եկեղեցիներում և հատկապես Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Մեծ Պահքին (ի բաց առյալ Շաբաթ և Կիրակի օրերը) սովորություն է մի օր առավոտյան կատարել Գիշերային և Արևագալի ժամերգությունները, իսկ հաջորդ օրը կատարել Առավոտյան և Արևագալի ժամերգությունները:
Խաղաղական և Հանգստյան ժամերգությունները կատարվում են փոխնիփոխ: Շատ եկեղեցիներում սովորություն է Մեծ Պահքի Երկուշաբթի, Երեքշաբթի և Հինգշաբթի օրերին կատարել Խաղաղական ժամերգություն, իսկ Չորեքշաբթի և Ուրբաթ օրերին կատարել Հանգստյան ժամերգություն:
* * * * * * * * * * *
Յուրաքանչյուր ժամերգության սկզբում դրված տիտղոս-խորագրում կան երեք նկատելի կետեր`
Ա) Ժամերգության կատարվելու ժամանակը, թե ճիշտ որ ժամին պետք է կատարվի:
Բ) Թե Սուրբ Երրորդության անձերից ում է ուղղված կատարվող ժամերգությունը, որովհետև յուրաքանչյուր ժամերգություն ուղղված է Սուրբ Երրորդության անձերից մեկին, որի համար էլ տվյալ ժամերգության ընթացքում աղոթքների մեծագույն մասը նվիրված են Նրան` Երրորդության Անձերից մեկին:
Քրիստոնյաների աղոթքները միշտ էլ ուղղված են Աստծուն: Սակայն բոլոր եկեղեցիներում էլ ընդունված է աղոթքներ ուղղել ուղղակի Սուրբ Երրորդության անձերից որևէ մեկին: Հաճախ աղոթում ենք «Ի դէմս Հօր Աստուծոյ», հաճախ «Ի դէմս Որդւոյն Աստուծոյ» և հաճախ էլ` «Ի դէմս Հոգւոյն Աստուծոյ»: Այս իսկ պատճառով Հայ Եկեղեցու ժամերգությունների մեջ նկատելի մի կետ կա, թե «ի դէմս» ու՞մ է կատարվում ժամերգությունը:
Գ) Նշված կա նաև տնօրինական որևէ հիշատակ, այսինքն` յուրաքանչյուր ժամերգություն նվիրված է Քրիստոսի տնօրինական որևէ հիշատակի, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե աղոթքների աչքի ընկնող մասերով և ժամերգության որոշ աղոթքներ էլ նվիրված են հենց այդ հիշատակին:
Գիշերային ժամերգության սկզբում «Կարգաւորութիւն Հասարակաց Աղօթից Հայաստանեայց Ս. Եկեղեցւոյ, որ կատարի ի մէջ գիշերի, ի դէմս Հօր Աստուծոյ» տիտղոս-խորագրում հստակ նշված է, որ ժամերգությունը կատարվում է գիշերվա ընթացքում և նվիրված է Սուրբ Երրորդության առաջին անձին` «ի դէմս Հօր Աստուծոյ»: Գիշերային ժամերգության տիտղոս-խորագրում նշված չէ տնօրինական որևէ հիշատակ և Գիշերային ժամերգությունը միակ ժամերգությունն է, որ չունի որևէ տնօրինական հիշատակ և ժամերգության մեջ ընդհանուր կերպով հիշատակվում է մեր անձերն Աստծո խնամքին և պահպանությանը հանձնելու կետը:
Առավոտյան ժամերգության սկզբում դրված «Կարգաւորութիւն Հասարակաց Աղօթից Առաւօտու ժամուն, որ կատարի ի դէմս Որդւոյն Աստուծոյ, որ երեւեցաւ իւղաբերիցն» տիտղոս-խորագրում: Այստեղ արդեն կատարման ժամանակը, Երրորդության որ անձին ուղղված լինելը նշված լինելուց հետո, նշված է նաև տնօրինական խորհուրդը, որ է Քրիստոսի յուղաբերից կանանց երևալը: Եվ այսպես բոլոր ժամերգությունների սկզբում:
Ժամերգությունները, իհարկե, ամեն օր տառացի, նույն բովանդակությամբ չեն կատարվում, այլ ունեն իրենց պատշաճները, այսինքն ժամերգության որոշ մասեր փոխվում են օրվա տոնի (հավուր պատշաճի), ձայնի և հիշատակի համաձայն:
Այսպիսով, Հայ Եկեղեցին ունի 9 ժամերգություն, որոնցից յուրաքանչյուրը կատարվում է ի դեմս Ամենասուրբ Երրորդության անձերից մեկի:
Ժամերգությունների այսօրվա տիտղոս-խորագրերը ընդարձակել և Ժամագրքի մեջ է փոխադրել Թովմա Մեծոփեցին (1378-1446), որոնք դարձել են աղոթքի ժամերի և խորհուրդների պաշտոնական մեկնություններ` «... Թովմա Մեծոփեցին, առած այդ սահմանները, ընդարձակեց եւ փոխադրեց Աղօթամատոյցին մէջ, ուր մնացին այնուհետև իբրեւ պաշտօնական մեկնութիւններ աղօթական ժամերու խորհուրդին» (Հ. Վարդան Հացունի, Պատմութիւն Հայոց Աղօթամատոյցին):
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու 9 ժամերգությունների տիտղոս-խորագրերն են`
1. Գիշերային Ժամերգություն: Կարգաւորութիւն հասարակաց աղօթից Հայաստանեայց Ս. Եկեղեցւոյ, որ կատարի ի մէջ գիշերի ի դէմս Հօր Աստուծոյ:
2. Առավոտյան Ժամերգություն: Կարգաւորութիւն հասարակաց աղօթից Առաւօտու ժամուն, որ կատարի ի դէմս Որդւոյն Աստուծոյ, որ երեւեցաւ իւղաբերիցն:
3. Արևագալի Ժամերգություն: Կարգաւորութիւն հասարակաց աղօթից Արեւագալի ժամուն, որ կատարի ի դէմս Հոգւոյն Սրբոյ, այլ եւ ի դէմս Յարութեանն Քրիստոսի, որ երեւեցաւ աշակերտացն:
4. Ճաշու Երրորդ Ժամու Ժամերգություն: Կարգաւորութիւն հասարակաց աղօթից Երրորդ ժամուն, որ կատարի ի դէմս իջման Հոգւոյն Սրբոյ, եւ ի դէմս նախամօրն ճաշակման եւ ազատութեանն Քրիստոսիւ:
5. Ճաշու Վեցերորդ Ժամու Ժամերգություն: Կարգաւորութիւն հասարակաց աղօթից Վեցերորդի ժամուն, որ կատարի ի դէմս Հօր Աստուծոյ, այլ եւ ի դէմս չարչարանաց եւ խաչելութեան Որդւոյն Աստուծոյ:
6. Ճաշու Իններորդ Ժամու Ժամերգություն: Կարգաւորութիւն հասարակաց աղօթից Իններորդի ժամուն, որ կատարի ի դէմս Որդւոյն Աստուծոյ, այլ եւ մահուանն եւ բանական հոգւոյն աւանդմանն:
7. Երեկոյան Ժամերգություն: Կարգաւորութիւն հասարակաց աղօթից Երեկոյի ժամուն, որ կատարի ի դէմս Որդւոյն Աստուծոյ, որ էջ ի խաչէն եւ պատեալ պաստառակալաւ` եդաւ ի գերեզմանի:
8. Խաղաղական Ժամերգություն: Կարգաւորութիւն հասարակաց աղօթից Խաղաղական ժամուն, որ կատարի ի դէմս Հոգւոյն Աստուծոյ, այլ եւ ի դէմս Բանին Աստուծոյ, որ եդաւ ի գերեզմանի եւ էջ ի դժոխս եւ խաղաղութիւն արար հոգւոցն:
9. Հանգստյան Ժամերգություն: Կարգաւորութիւն հասարակաց աղօթից Հանգստեան ժամուն, որ կատարի ի դէմս Հօր Աստուծոյ, զի պահպանողական Աջով Միածնին պահեսցէ զմեզ ի խաւարային գիշերիս: