Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի արմատները հասնում են խոր միջնադար:
Ղազար Փարպեցու վկայությունից («Թուղթ առ Վահան Մամիկոնեան») տեղեկանում ենք, որ դեռևս Ե դարում Վաղարշապատում եղել է Մատենադարան, որտեղ պահվել են ինչպես հայերեն, այնպես էլ այլ լեզուներով մատյաններ: Մատենադարանը հարյուրամյակներ շարունակ գոյություն է ունեցել որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կաթողիկոսարանին կից Մայր Գրատուն:
Մայր Աթոռի Մատենադարանն ու մերձակա վանքերի գրչակենտրոնները լիարյուն կյանքով սկսել են ապրել 1441 թվականից, երբ Հայրապետական Աթոռը Սսից վերահաստատվել է Ս․ Էջմիածնում: Վերջին իրողությունը նպաստել է գրչության արվեստի առավել զարգացմանը (ԺԵ-ԺԶ դդ. ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր):
Փիլիպպոս Ա Աղբակեցի (1633-1655 թթ.) և Հակոբ Դ Ջուղայեցի (1655-1680 թթ.) կաթողիկոսների աթոռակալության տարիներին Ս. Էջմիածինը հարստացել է բազմաթիվ ու բազմապիսի ձեռագրերով: Այդ շրջանում Վաղարշապատի Մատենադարանն արդեն կազմավորված հաստատություն էր և ուներ իր հատուկ «գրքապանը», այսօրվա ըմբռնմամբ՝ մատենադարանապետը:
Հաջորդ հարյուր տարիներն ինչպես հայոց պատմության, այնպես էլ Մայրավանքի ու նրա Մատենադարանի պատմության ամենամռայլ ժամանակներից էին. թուրք-պարսկական ավերիչ պատերազմները, ավարառությունները, այնուհետև ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմները Մայրավանքի գրատունը հասցրել էին քայքայման եզրին:
Բարեբախտաբար 1828 թ. հետո Ս. Էջմիածնի Մատենադարանի ձեռագրական հավաքածուների հարստացման նոր ժամանակաշրջան է սկսվում:
Նշանավոր մատենագետ Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանը կազմել է Մատենադարանում առկա ձեռագրերի առաջին ցուցակը (312 ձեռագիր), որն ակադեմիկոս Մ. Բրոսսեի առաջաբանով և ֆրանսերեն ու ռուսերեն թարգմանություններով լույս է տեսել 1840 թ. Պետերբուրգում: Երկրորդ ավելի ընդարձակ ցուցակը (2340 ձեռագիր) կազմել է Դանիել եպիսկոպոս Շահնազարյանը (ցուցակը հրատարակչի անունով հայտնի է որպես «Կարենյան ցուցակ», հրատ.՝ 1863 թ.): 1848 թ. Շահխաթունյանի եռանդուն ջանքերի շնորհիվ Ս. Ստեփանոս նախավկա վանքի (Մաղարդավանք) ձեռագրերի մի զգալի մասը, այդ թվում հռչակավոր փղոսկրյա կազմով Ավետարանը, բերվել է Ս. Էջմիածին:
Հետագայում Մատենադարանը հիմնականում համալրվել է տարբեր խմբագրություններից, հրատարակչական ընկերություններից, անհատներից, գիտակրթական և հասարակական կառույցներից պարբերաբար ստացվող գրքերով:
1917 թ. վերջին Մայր Աթոռի Մատենադարանի հայալեզու և օտարալեզու տպագիր գրականության թիվն ավելի քան 20 հազար էր: Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման նախօրեին Ս. Էջմիածնի Մատենադարանի ձեռագրական հավաքածուներում արդեն կային 6419 ձեռագրեր, այդ թվում՝ 6137 հայերեն, 282 արաբատառ:
1920 թ. դեկտեմբերի 17-ին ՀԽՍՀ հեղկոմի դեկրետով բոլոր մշակութային հիմնարկությունների հետ պետականացվում է նաև Ս. Էջմիածնի Մատենադարանը՝ հանձնվելով Լուսավորության ժողովրդական կոմիսարիատի տնօրինությանը: 1921 թ. փետրվարի 5-ի հրամանագրով Էջմիածնի կրթամշակութային հաստատությունների (մատենադարան, թանգարան, տպարան և այլն) պետականացված ցանցի հիման վրա ստեղծվում է Էջմիածնի կուլտուր-պատմական ինստիտուտը՝ առաջին գիտական հաստատությունը:
1930 թ. Ստալինի հրամանով գրադարանի հավաքածուն բաժանվում է պետական տարբեր հաստատությունների միջև: 1939 թ. Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ Մատենադարանը Ս. Էջմիածնից տեղափոխվում է մայրաքաղաք՝ Ալեքսանդր Մյասնիկյանի անվան պետական հանրային գրադարանի նորակառույց շենք, իսկ 1959 թ.՝ նոր շենք:
2000 թ. հունիսի 26-ին Վազգեն Ա և Գարեգին Ա երջանկահիշատակ հայրապետների անձնական գրադարանների հիմքի վրա, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետևողական ջանքերի շնորհիվ բացվում է «Գարեգին Ա» աստվածաբանական և հայագիտական գիտական կենտրոնն իր արժեքավոր գրադարանով:
Ս. Էջմիածնի Մատենադարանի համար պատմական հաջորդ կարևորագույն փուլը սկսվեց 2007 թ. օգոստոսի 25-ից, երբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց Մայր Աթոռի տարածքում տեղադրված հիշատակման քարը, որտեղ հետագայում պետք է կառուցվեր Մատենադարանը: Վերջինիս հիմնարկեքը կատարվել է 2009 թ. սեպտեմբերի 22-ին: Շատ կարճ ժամանակամիջոցում Մայր Աթոռում վեր խոյացավ Մատենադարանի նոր շենքը, որի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2012 թ. hոկտեմբերի 18-ին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ:

Մատենադարանը՝ ի գնահատություն եկեղեցասեր և հայրենանվեր բարերարներ լոնդոնաբնակ տեր և տիկին Վաչե և Թամար Մանուկյանների՝ կոչվեց ««Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան: Տպավորիչ և դիպուկ բնորոշմամբ Վեհափառ Հայրապետը բացման իր խոսքում նշել է. «Մայրավանքում` Արարատի դիմաց, սերունդների համար դարեդար պիտի մնա Մատենադարանը, իսկ առաքյալն ասում է` «Եթէ մէկի կառուցած գործը մնայ, նա վարձ պիտի ստանայ» (Ա. Կորնթ. Գ. 14)»:
Մատենադարանի ճարտարապետն է տիար Արտակ Ղուլյանը, որը շենքի ճարտարապետական լուծումները տվել է՝ համակցելով ժամանակակից և հայկական ավանդական ճարտարապետական ոճերը: Նոր Մատենադարանը տեղակայված է երբեմնի աստղադիտարանի շենքի տեղում՝ Բաց խորանի հրապարակի հարավային կողմում: Այն մտահղացմամբ և հորինվածքային կերպով անմիջական կապի մեջ է շրջակա շենքների հետ:
Մատենադարանի բազմահարուստ ֆոնդի հիմքը «Գարեգին Ա» աստվածաբանական և հայագիտական կենտրոնում կազմավորված գրադարանն է (Վազգեն Ա և Գարեգին Ա երջանկահիշատակ հայրապետների անձնական գրադարանային ֆոնդերը, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձնական գրքերը, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության կողմից նվիրաբերված օտարալեզու բացառիկ կրոնագիտական գրականությունը): Պարբերաբար Մատենադարանին նվիրատվություններ են կատարում Հայաստանի, Սփյուռքի ու արտերկրի գիտնականներ, մշակութային, քաղաքական ու հասարակական գործիչներ, հոգևորականներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, գիտակրթական և հասարակական կառույցներ:
Այստեղ են գտնվում նաև հայ մշակույթի մի շարք երախտավորների անձնական հավաքածուները (հատվածաբար): Բացի նվիրատվություններից Մատենադարանի տնօրինությունը հետամուտ է գնումների միջոցով անհրաժեշտ գրականություն ձեռք բերելուն:
Մատենադարանում առկա են Աստվածաշնչի հայերեն և օտարալեզու բազմաթիվ հրատարակություններ (բացակայող հրատարակությունները համալրելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակական բնույթ են կրում): «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանն ունի ավելի քան 582 միավոր հնատիպ գիրք (հայ հնատիպ գրքի շեմը
Մատենադարանում պաշտոնապես համարվում է 1850 թվականը): Իսկ Մատենադարանի ողջ գրականության (գիրք և մամուլ) ընդհանուր միավորների փաստացի թիվը հասնում է շուրջ հարյուր հազարի։
Մատենադարանի գլխավոր առաքելությունն է մեկտեղել գրքերը, պահպանել խնամքով, հասանելի դարձնել ընթերցողներին: Գրքերն այստեղ պահվում են օդաջերմալուսային և խոնավության ընդունված չափորոշիչների համաձայն:
Շենքային նոր պայմանները, տեխնիկական բոլոր անհրաժեշտ միջոցներով զինված լինելը հնարավորություն են տալիս ինչպես հայ, այնպես էլ արտերկրի գիտնականներին, հոգևորականներին ու պարզապես ընթերցասեր հանրությանն իրենց ուսումնասիրություններն ու աշխատանքները կատարել, օգտվել Մայր Աթոռի Մատենադարանի հարուստ ժառանգությունից, ինչպես նաև կապ հաստատել այլ Մատենադարանների, գրադարանների, գրապահոցների և թանգարանների հետ:
«Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանն ունի շուրջ 670 գրանցված ընթերցող:
Մատենադարանի կրոնական և հայագիտական գրականությունից օգտվում են Գևորգյան հոգևոր ճեմարանի, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի, Քահանայից պատրաստման լսարանի սաներ, հոգևորականներ, Հայաստանի տարբեր գիտակրթական հաստատությունների գիտաշխատողներ, ուսանողներ:
Գրադարանային ոլորտից բացի Մատենադարանն առանձնակի ուշադրություն է դարձնում նաև գիտական ուղղությանը. կազմակարպվում են տեղական ու միջազգային գիտաժողովներ և տարաբնույթ գիտակրթական միջոցառումներ, սեմինարներ ու կլոր սեղան-քննարկումներ և գրքերի շնորհանդեսներ:
Մատենադարանը Հայաստանի Ազգային գրադարանի և ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի հետ ընդգրկվել է հայ հնատիպ գրականության միասնական քարտարանի ստեղծման գործընթացի մեջ՝ տրամադրելով այն գրականության թվայնացված ձևաչափերը, որոնց եզակի օրինակները պահպանված էին Մատենադարանում և բացակայում էին համընդհանուր քարտարանից:
Ներկայումս Սուրբ Էջմիածնի Մատենադարանի ֆոնդերի թվայնացման հիմնական աշխատանքներն ուղղված են ամբողջական տեքստային շտեմարանի կազմմանը: Էջ առ էջ թվայնացվում է առկա գրականությունը՝ առաջին անհրաժեշտության և բացառիկության սկզբունքով՝ նախապատվություն տալով կրոնական, հայագիտական գրականությանը: Կատարված աշխատանքները պահպանվում են Մատենադարանի թվայնացված գրքերի համակարգչային արխիվում՝ ինչպես անմշակ, այնպես էլ մշակված տարբերակներով:
2014 թ. Սուրբ Էջմիածնի Մատենադարանը Հայաստանի Ազգային գրադարանի հետ ձեռնամուխ է եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ամսագրեր հանդիսացող «Արարատ» և «Էջմիածին» պարբերականների թվայնացմանը: Ներկայումս այն արդեն ամբողջապես թվայնացված և տեղակայված է հայ մամուլի համահավաք գրացուցակի մեջ ազատ օգտագործման սկզբունքով: Կազմակերպչական աշխատանքներ են տարվում «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթերթը ևս ամբողջությամբ թվայնացնելու ուղղությամբ:
Մատենադարանն այսօր կիրառում է «Կոհա» (Koha) գրադարանային համակարգը՝ www.koha.etchmiadzinlibrary.am, որը լայն տարածում ունի ողջ աշխարհում։ Այն համատեղելի է գրադարանագիտության և տեղեկատվական գիտության բնագավառներում ընդունված և գործող միջազգային չափանիշներին, աշխատում է բազմալեզու միջավայրում: Համակարգի միջոցով ընթերցողները հնարավորություն ունեն առանց Մատենադարան այցելելու ստուգել իրենց անհրաժեշտ գրքերի առկայությունը, առցանց պատվերներ կատարել` էլ ավելի արդյունավետ դարձնելով Մատենադարանի սպասարկման գործընթացը:
Սուրբ Էջմիածնի Մատենադարանը համագործակցում է Հայաստանի, Սփյուռքի և արտերկրի մի շարք մատենադարանների, գրադարանների, հրատարակչությունների, գրատների, մշակութային ու գիտակրթական հաստատությունների հետ:
Հիմնադիր՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս
Բարերար՝ Վաչե Մանուկյան
Տնօրեն՝ Տ. Արարատ քահանա Պողոսյան
Հեռ.՝ (+374 10) 517-291
Էլ. հասցե՝ [email protected]
Կայք՝ http://etchmiadzinlibrary.am
Մատենադարանը բաց է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9։30-ից-17։30-ը: