Ս. Գրիգոր Լուսավորիչ անունը կրող առաջին տպարանը կառուցվել է Ս. Էջմիածնում 1771 թ.՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի նախաձեռնությամբ և հնդկահայ վաճառական Գրիգոր Խոջաջանյանի միջոցներով: Սակայն 19-րդ դարի վերջերին՝ Մակար Ա Թեղուտցի կաթողիկոսի օրոք, կարիք է զգացվել կառուցել տպարանի նոր շենք:
Ներկա տպարանի շենքի հիմնարկեքը կատարվել է 1888 թ. ապրիլի 6-ին, իսկ կառույցն ավարտուն տեսք է ստացել մեկ տարի անց՝ 1889 թ.:
Շենքը տեղակայված է Մայր տաճարի պարտեզի արևելյան կողմում։ Կառուցվել է Միքայել Սալաբեկյանցի նախագծով: 1901 թ. Սուքիաս արք. Պարզյանցն իր միջոցներով տպարանի շինությանը կից՝ հարավային կողմում, պատվիրել է կառուցել երկու ընդարձակ կամարակապ դահլիճ և միջանցք, որի տակ կառուցվել է չոր և ցեմենտածածկ ներքնատուն:
1933–1934 թթ. շենքը տրվել է մեքենատրակտորային կայանին: Կառույցն սկզբում եղել է միահարկ: Երկրորդ հարկը կառուցվել է ավելի ուշ և ծառայել որպես կացարան:
1957 թ. շենքը վերադարձվել է Մայր Աթոռին:
1959–1962 թթ.՝ Վազգեն Ա կաթողիկոսի օրոք, շենքն ամբողջովին վերանորոգվել է ճարտարապետ Ա. Գուլիկյանի և ինժեներ Ա. Մատինյանի նախագծով՝ ամերիկահայ համայնքի նվիրատվությամբ:
1962 թ․ նոյեմբերին տպարանը հանձնվել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիային:
1991 թ. հունիսին տպարանը վերջնականապես հանձնվել է Մայր Աթոռին և հիմնովին վերանորոգվել: Նույն ժամանակահատվածում տպարանը համալրվել է ժամանակակից նոր տպագրական սարքերով:
2015 թ. տիար Վաչե Մանուկայնի բարերարությամբ կատարվել են տպարանի տանիքի նորոգման և օդափոխության համակարգի տեղադրման աշխատանքներ: